Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 18 մլն եվրո՝ առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացման նպատակով, ինչպես նաև առաջարկում է կիրառել ավտոնոմ առևտրային միջոցներ՝ դեպի ԵՄ շուկա հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատականացնելու համար։ Այս մասին Երևանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նշված 18 մլն եվրոն 52 մլն եվրոյի բյուջետային աջակցության փաթեթի եզրափակիչ մասն է, որը կարող է ուղղվել, մասնավորապես, Արտահանման խթանման գործակալության ստեղծմանը։
Նոր ավտոնոմ առևտրային միջոցների կիրառումը թույլ կտա Եվրամիության հետ Հայաստանի առևտրի շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։ Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ այս քայլը եվրոպական շուկան կբացի հայկական թարմ գյուղատնտեսական արտադրանքի, ներառյալ մրգերի և բանջարեղենի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային արտադրանքի արտահանման ավելի քան 90 տոկոսի համար։ Ակնկալվում է նաև, որ հուլիսի կեսերին Հայաստան կժամանի եվրոպացի փորձագետների խումբ՝ տեղական արտադրողների և արտահանողների հետ աշխատելու նպատակով։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է նաև տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացման նպատակով «Global Gateway» նախաձեռնության շրջանակներում 200 մլն եվրոյի նոր աջակցության փաթեթի մասին։ Եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ նախատեսվում է մինչև 2 մլրդ եվրո մոբիլիզացնել Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային ծրագրերի, ներառյալ Հայաստանում ճանապարհային և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար։ Բացի այդ, առանձին մեկնարկելու է 20 մլն եվրո ծավալով ծրագիր՝ ուղղված Հայաստանի սահմանամերձ համայնքներում տեղական տնտեսության զարգացմանը, փոքր բիզնեսի աջակցությանը, նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրմանն ու ջրային ռեսուրսների կառավարմանը։












