Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2025. ի՞նչ դիրքում է Հայաստանը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), որն արձանագրում է հակակոռուպցիոն պայքարի համաշխարհային նահանջ: Գլոբալ միջին ցուցանիշը նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին՝ 42 միավորի:

2025 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի ԿԸՀ-ն նվազել է 1 միավորով և կազմել 46 միավոր (0՝ խիստ կոռումպացված, 100՝ շատ մաքուր սանդղակում): 182 երկրների շարքում Հայաստանը կիսում է 65-ից 69-րդ հորիզոնականները Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի և Սենեգալի հետ: Նախորդ տարի Հայաստանը 180 երկրների շարքում կիսում էր 63-64-րդ տեղերը։

Հայաստանի 46 միավորը ձևավորվել է 6 տարբեր աղբյուրների գնահատականների թվաբանական միջինով։ Միակ աղբյուրը, որտեղ Հայաստանի ցուցանիշը նվազել է, Համաշխարհային տնտեսական ֆորումի Գործադիր տնօրենների կարծիքի հարցումն է (նախորդ տարվա 56-ից իջել է 53-ի), իսկ մյուս հինգ աղբյուրներում (Freedom House, V-Dem և այլն) գնահատականները մնացել են անփոփոխ:

Չնայած արձանագրված անկմանը, Հայաստանի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 42 միավոր կազմող գլոբալ միջինից: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին։

Տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) պատկերը հետևյալն է.

  • Վրաստան՝ 50 միավոր (53-55-րդ տեղեր)
  • Թուրքիա՝ 31 միավոր (124-129-րդ տեղեր)
  • Ադրբեջան՝ 30 միավոր (130-134-րդ տեղեր)
  • Իրան՝ 23 միավոր (153-156-րդ տեղեր)
  • Ղազախստան՝ 38 միավոր (96-98-րդ տեղեր)
  • Բելառուս՝ 31 միավոր (124-129-րդ տեղեր)
  • Ղրղզստան՝ 26 միավոր (142-147-րդ տեղեր)
  • Ռուսաստան՝ 22 միավոր (157-160-րդ տեղեր)

Հատկանշական է նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ 42 երկրների շարքում Հայաստանը Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը, իսկ Եվրամիության անդամ 27 պետություններից միայն երեքն ունեն Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ՝ Ռումինիան, Բուլղարիան և Հունգարիան:

Վարկանիշային աղյուսակը ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է Դանիան (89 միավոր), որին հաջորդում են Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84): Ամենացածր ցուցանիշներն ունեն քաղաքացիական հասարակության ճնշվածությամբ և անկայունության բարձր մակարդակով աչքի ընկնող Հարավային Սուդանը (9), Սոմալին (9) և Վենեսուելան (10): Ամենախոշոր անկում գրանցած երկրների թվում են Թուրքիան, Հունգարիան և Նիկարագուան։ Միացյալ Նահանգները նույնպես գրանցել է իր պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով 64 միավորի:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները