Հայաստանը զբաղեցրել է 55-րդ տեղը StartupBlink 2026 զեկույցում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

StartupBlink-ի 2026 թվականի Global Startup Ecosystem Index-ի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 55-րդ տեղը աշխարհում։ Երկիրը հինգերորդ տարին անընդմեջ մնում է համաշխարհային լավագույն 60 երկրների ցանկում՝ պահպանելով կայուն դիրք միջազգային տեխնոլոգիական քարտեզում։

Էկոհամակարգը գրանցել է +16.2% աճ, ինչը համարվում է միջին, բայց կայուն ցուցանիշ։

Հայաստանը շարունակում է գերազանցել տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին և Ուզբեկստանին։ Սակայն միաժամանակ հարևան երկրներում նկատվում է շատ ավելի արագ զարգացում․ Վրաստանը աճել է +78%, Մոլդովան՝ +91.9%, իսկ Ուզբեկստանը՝ +227%։ Սա վկայում է, որ տարածաշրջանի ստարտափ միջավայրը դառնում է էականորեն ավելի մրցակցային։

  • Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը «Funding & Capital» կատեգորիայում՝ ցույց տալով համեմատաբար լավ ներդրումային ակտիվություն։
  • «Ecosystem Returns»-ում Հայաստանը 23-րդն է, ինչը վկայում է տեխնոլոգիական ընկերությունների հաջող ֆինանսական արդյունքների մասին։
  • Միևնույն ժամանակ, «Innovators Business Environment Index»-ում Հայաստանը 66-րդ տեղում է, ինչը ցույց է տալիս, որ բիզնես միջավայրի պայմանները դեռևս սահմանափակող գործոն են նորարարական ընկերությունների համար։
  • Տեխնոլոգիական կառուցվածքում Հայաստանի ամենաուժեղ ոլորտը շարունակում է մնալ Software & Data հատվածը, որտեղ երկիրը զբաղեցնում է 46-րդ տեղը աշխարհում և 28-րդը Եվրոպայում։
  • Մայրաքաղաք Երևանը նույնպես պահպանում է իր տեղը աշխարհի լավագույն 200 քաղաքների շարքում՝ զբաղեցնելով 199-րդ հորիզոնականը, սակայն գրանցելով 18 տեղով անկում՝ առաջին նկատելի հետընթացը 2021 թվականից հետո։
Հայաստանը զբաղեցրել է 55-րդ տեղը StartupBlink 2026 զեկույցում

Էկոհամակարգի զարգացման պատմության մեջ առանցքային դեր են ունեցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր նախաձեռնությունները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Enterprise Armenia-ն, STAN ներդրումային ցանցը և FAST հիմնադրամը ձևավորել են համակարգի հիմնական ենթակառուցվածքը։ 2021 թվականին PicsArt-ը դարձավ Հայաստանի առաջին unicorn ստարտափը՝ ստանալով 130 մլն դոլարի ներդրում SoftBank-ից, իսկ ServiceTitan-ը շարունակում է մնալ ոլորտի ամենահաջողված օրինակներից մեկը։

2025 թվականին Firebird-ը NVIDIA-ի և Հայաստանի կառավարության հետ ընդլայնեց արհեստական բանականության մեգանախագիծը՝ հասցնելով ընդհանուր ներդրումները 4 միլիարդ դոլարի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է էապես փոխել էկոհամակարգի կառուցվածքը։

Զեկույցում նաև նշվում է, որ Enterprise Armenia-ն և STAN-ը աջակցել են Հայաստանի հատվածի մշակմանը, ինչը ընդգծում է պետական և մասնավոր հատվածների համատեղ ներգրավվածությունը ոլորտի զարգացման մեջ։

Ընդհանուր պատկերն այսպիսին է․ Հայաստանը պահպանում է կայուն և ուժեղ դիրք համաշխարհային ստարտափ քարտեզում, սակայն տարածաշրջանային արագ աճը և գլոբալ մասշտաբի խոշոր ընկերությունների սահմանափակ թիվը ստեղծում են նոր մարտահրավեր՝ անցում կատարել կայուն զարգացող էկոհամակարգից դեպի գլոբալ մակարդակում մրցունակ ստարտափների արտադրող համակարգ։

Իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիան) և Իսրայելը: 

Հայաստանը զբաղեցրել է 55-րդ տեղը StartupBlink 2026 զեկույցում

Ի՞նչ է Global Startup Ecosystem Index-ը

Global Startup Ecosystem Index-ը ստեղծվել է StartupBlink-ի կողմից և առաջին անգամ հրապարակվել է 2017 թվականին։ Այն այսօր համաշխարհային մասշտաբով դասակարգում է ստարտափ էկոհամակարգերը՝ ընդգրկելով 1,556 քաղաք և 100 երկիր։

Ինդեքսը կառուցված է հարյուր հազարավոր տվյալների կետերի վրա, որոնք մշակվում են ալգորիթմի միջոցով։ Վերլուծությունը հիմնված է մի շարք տարբեր պարամետրերի վրա, որոնք միավորվում են երեք հիմնական չափանիշի մեջ․

  • Քանակ՝ գնահատում է էկոհամակարգի ընդհանուր ակտիվության մակարդակը
  • Որակ՝ գնահատում է այդ ակտիվության ազդեցությունը և հաջողության աստիճանը
  • Բիզնես միջավայր՝ գնահատում է, թե որքանով է տնտեսական և ինստիտուցիոնալ միջավայրը նպաստում ստարտափների զարգացմանը

Այս երեք բաղադրիչների գումարը կազմում է յուրաքանչյուր երկրի կամ քաղաքի ընդհանուր գնահատականը և դիրքը համաշխարհային դասակարգման մեջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները