Իլոն Մասկը պարտվեց դատարանում. OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը մերժվել է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը պարտվել է իր ամենաաղմկահարույց դատական գործերից մեկում՝ ընդդեմ Սեմ Ալթմանի և OpenAI-ի։ ԱՄՆ Կալիֆոռնիայի դաշնային դատարանը մերժել է Մասկի հայցը, որով նա փորձում էր ստիպել OpenAI-ին փոխել իր կառավարման կառուցվածքը և վերադառնալ ոչ առևտրային մոդելի։

Պատմությունը սկսվել էր դեռ 2024-ին, երբ Մասկը դատի էր տվել OpenAI-ին՝ պնդելով, որ ընկերությունը դավաճանել է իր սկզբնական առաքելությանը։ Նրա խոսքով՝ OpenAI-ը ստեղծվել էր որպես հասարակության շահերի համար աշխատող ոչ առևտրային կազմակերպություն, բայց հետագայում վերածվել է միլիարդավոր դոլարների եկամուտներ հետապնդող բիզնեսի՝ սերտ կապեր ունենալով Microsoft-ի հետ։

Մասկը դատարանից պահանջում էր՝

  • հեռացնել Սեմ Ալթմանին OpenAI-ի ղեկավարությունից,
  • չեղարկել ընկերության կոմերցիոն վերակառուցումը,
  • OpenAI-ի շահույթը վերադարձնել ոչ առևտրային կառույցին։

Դատավարությունը տևել է մոտ երեք շաբաթ և դարձել է Սիլիկոնյան Հովտի ամենաքննարկվող իրավական պայքարներից մեկը։ Դատարանում ցուցմունք են տվել ոչ միայն Մասկն ու Ալթմանը, այլ նաև OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բորքմանը, Իլյա Սուցկևերը և այլ հայտնի դեմքեր։

Ըստ դատարանի՝ Մասկը չափազանց ուշ է ներկայացրել իր պահանջները և բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը։ Այսինքն՝ դատարանը նույնիսկ ամբողջությամբ չի քննարկել՝ OpenAI-ը «դավաճանե՞լ է» իր առաքելությանը, թե՞ ոչ, և որոշել է, որ հայցը իրավական առումով ուշացած է։

OpenAI-ի համար սա մեծ հաղթանակ է։ Որոշումը փաստացի ազատում է ընկերությանը գլխավոր իրավական վտանգից և ճանապարհ բացում հետագա ներդրումների ու նույնիսկ հնարավոր IPO-ի համար։ Որոշ վերլուծաբաններ արդեն գրում են, որ OpenAI-ի գնահատականը կարող է ապագայում հասնել տրիլիոն դոլարի։

Մասկն էլ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Նրա թիմը պնդում է, որ գործը մերժվել է «տեխնիկական պատճառներով»։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները