Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը դատի է տվել Հայաստանին ՄԻԵԴ-ում՝ Բուզանդի 32 հասցեի պատճառով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ինչպես հայտնում է «Հետք»-ը, վեճի առարկան Բուզանդի 32 հասցեում գտնվող գույքն է, որը 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն շուրջ 25 տարի է՝ ծրագիրն այդպես էլ չի իրականացվել, իսկ գործարարը զրկվել է իր հյուրանոցային բիզնեսը սկսելու հնարավորությունից:

Գույքը ձեռք է բերվել դեռևս 2000 թվականին «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի կողմից, սակայն 2002-ից սկսած, Կառավարության տարբեր որոշումներով, հասցեն ճանաչվել է որպես գերակա շահ և գույքի վրա արգելանք է դրվել։ Մինչև 2026 թվականի փետրվարի 26-ին ՄԻԵԴ դիմելը, ընկերությունը սպառել է ներպետական բոլոր ատյանները։ Նախ, 2023թ. փետրվարին հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ճանաչել սեփականության իրավունքի խախտումը և ՀՀ-ից բռնագանձել 2 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այնուհետև գործը հասել է Վերաքննիչ, իսկ ավելի ուշ՝ Վարչական դատարան, որտեղ վիճարկվել է Կառավարության կողմից ծրագրի ժամկետների անհիմն երկարաձգումը։ 2025 թվականի ապրիլին ընկերությունը դիմել է նաև Սահմանադրական դատարան, որը, սակայն, դեկտեմբերին կարճել է գործի վարույթը՝ այն անհիմն համարելով։ ՄԻԵԴ-ին ուղղված գանգատում գործարարի ներկայացուցիչները պահանջում են ճանաչել սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները։

Կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կան գույքի փոխհատուցման չափի շուրջ։ «Հին Երևան» նախագծի կառուցապատող, «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր և խոշոր գործարար Վարտան Սրմակեսին պատկանող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն 2023 թվականին գույքի դիմաց առաջարկել է 642 մլն դրամ (ներառյալ հարկերն ու օրենքով սահմանված 15% հավելումը)։ Թուֆենկյանի փաստաբան Միքայել Դանիելյանի խոսքով, ըստ 2026թ. փետրվարին արված նոր, անկախ գնահատման, Բուզանդի 32 հասցեի 693 քմ տարածքի և այնտեղ առկա վթարային շինության իրական արժեքը, հարկերն ու հավելումը ներառյալ, կազմում է ավելի քան 1.7 մլրդ դրամ։

Մինչդեռ կառուցապատողի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը կասկածի տակ է դնում գույքի ձեռքբերման օրինականությունը՝ պնդելով, որ նախկին սեփականատերը ժամանակին արդեն փոխհատուցում ստացել էր պետությունից և գույքը կրկին վաճառել էր Թուֆենկյանին։ Փաստաբան Դանիելյանը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ ընկերությունը բարեխիղճ ձեռքբերող է, գործարքն իրականացվել է օրինական ճանապարհով, իսկ սեփականության իրավունքը պատշաճ կերպով գրանցված է Կադաստրում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները