Yandex-ը մեկնարկում է ծրագրավորման և մաթեմատիկայի մրցույթ, որը նախատեսված է ուսանողների ու ՏՏ ոլորտի մասնագետների համար։
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ուսանողներ, ծրագրավորողներ, ինժեներներ և ՏՏ մասնագետներ Հայաստանից։ Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքներ ժամանակակից ծրագրավորման լեզուներից, ալգորիթմներից, ինչպես նաև մաթեմատիկայի՝ հավանականության, վիճակագրության, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի ոլորտներից։
Մրցույթը կանցկացվի անգլերենով և կլինի երկու փուլից՝ առցանց և առկա։ Երկու փուլերն էլ ներառում են ծրագրավորման և մաթեմատիկական խնդիրներ։ Առցանց փուլից հետո մինչև 30 լավագույն մասնակիցներ կհրավիրվեն եզրափակիչ փուլ։ Մասնակցությունն անվճար է։
Առցանց փուլը կկայանա ապրիլի 26-ին․ մասնակիցները կլուծեն 8-10 խնդիր՝ ծրագրավորման և մաթեմատիկայի ոլորտներից։ Արդյունքների ամփոփումից հետո լավագույնները կանցնեն եզրափակիչ փուլ։
Մրցույթի հաղթողները կստանան մրցանակներ և բացառիկ հնարավորություններ՝ մասնակցելու Yandex School of Data Analysis կրթական ծրագրին։ Լավագույն արդյունք գրանցած մասնակիցները կարող են նաև արագացված փուլով անցնել ընտրության գործընթացը կամ ստանալ պրակտիկայի հնարավորություն ընկերությունում։
6-ից 30-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան մեկ տարվա բաժանորդագրություն և հատուկ նվերներ։
Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթը հնարավորություն է տալիս մասնակիցներին փորձել իրենց ուժերը օլիմպիական մակարդակի խնդիրներում, ինչպես նաև կապ հաստատել ոլորտի այլ մասնագետների հետ և զարգացնել իրենց հմտությունները։
Գրանցվել կարող եք մինչև ապրիլի 25-ը:












