Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 23-ին Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ։

Բացմանը մասնակցել են ոլորտի պետական կառույցների, կարգավորող մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ընդգծվել է հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը, թվային փոխակերպումները և համագործակցության կարևորությունը։

Բացմանը հաջորդել է «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ազգային ձեռքբերումները» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և ՀՀ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը: Բանախոսները ներկայացրել են ոլորտի առաջընթացին ուղղված նշանակալի ձեռքբերումները, օրենսդրական բարեփոխումներն ու զարգացման ապագա ծրագրերը։

«Հեռահաղորդակցության շուկայի ապագան․ ներդրումներ, ենթակառուցվածքներ և նոր տեխնոլոգիաներ» թեմայով քննարկմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Անդրադարձ է կատարվել ներդրումային առաջնահերթություններին, ցանցերի ընդլայնմանը, ինչպես նաև տվյալների կենտրոնների, ամպային լուծումների և արհեստական բանականության աճող դերակատարությանը թվային տնտեսության մեջ։

«Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» քննարկման շրջանակներում որպես բանախոս հանդես է եկել ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Քննարկվել են հաճախորդների փորձառության փոփոխությունները, 5G տեխնոլոգիաների և իրերի ինտերնետի (IoT) կիրառման ընդլայնումը, ինչպես նաև նորարարական եկամտային մոդելների ձևավորումը՝ ոլորտի կայուն զարգացման նպատակով։

«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը նպատակ ունի միավորելու պետական մարմիններին, օպերատորներին և տեխնոլոգիական համայնքին՝ նախանշելու Հայաստանի թվային ապագան։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները