Meta ընկերությունը մեկնարկել է «Creator Fast Track» նոր ծրագիրը, որի նպատակն է TikTok, YouTube և Instagram հարթակների հաջողակ հեղինակներին բերել Facebook։ Ծրագիրը խոշոր լսարան ունեցողներին առաջարկում է երաշխավորված ամսական վճարներ և հրապարակումների դիտումների արհեստական ավելացում։ Մասնավորապես` առնվազն 100,000 հետևորդ ունեցողներին կվճարվի ամսական 1,000 դոլար, իսկ 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցողներին՝ 3,000 դոլար։
Երաշխավորված վճարումները նախատեսված են առաջին երեք ամիսների համար, սակայն մասնակիցները հնարավորություն կստանան մշտապես օգտվել Facebook-ի մոնետիզացման համակարգից և շարունակական աջակցություն ստանալ լսարանի ընդլայնման հարցում։ Ծրագրին միանալու համար բլոգերները պետք է 30 օրվա ընթացքում Facebook-ում տեղադրեն առնվազն 15 Reels հոլովակ։ Meta-ն շեշտում է, որ բովանդակությունը պարտադիր չէ լինի էքսկլյուզիվ, սակայն պետք է լինի հեղինակային և օրիգինալ։
Այս քայլով Մարկ Ցուկերբերգը փորձում է վերակենդանացնել Facebook-ի նախկին հետաքրքրությունը և հարթակը դարձնել առաջնային ընտրություն բովանդակություն ստեղծողների համար։ Ընկերության տվյալներով՝ 2025 թվականին հեղինակներին արդեն վճարվել է շուրջ 3 միլիարդ դոլար, ինչը 35%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նոր ռազմավարությունը փոխում է նաև վճարման սկզբունքը՝ անցում կատարելով եկամտի բաշխման մոդելից դեպի լսարանի ներգրավվածության վրա հիմնված վարձատրության։












