ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,2% իրական աճ։ Համախառն ներքին արդյունքի անվանական ծավալն ընթացիկ գներով կազմել է 11,317,508.7 մլն դրամ։
Տնտեսական հավելաճին ամենամեծ նպաստումն է ունեցել առևտրի և ծառայությունների ոլորտը՝ ապահովելով 4,27 տոկոսային կետ։ Շինարարության ճյուղը շարունակում է մնալ աճի տեմպերով առաջատարը՝ արձանագրելով 21% իրական աճ և տնտեսական հավելաճին նպաստելով ևս 1,48 տոկոսային կետով։
Արդյունաբերության ոլորտում, ներառյալ էներգետիկան, գրանցվել է 4,1% աճ, իսկ գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղն ապահովել է 5,3% իրական աճ։ Բարձր տեխնոլոգիական ոլորտում ևս նկատելի առաջընթաց կա. տեղեկատվության և կապի ուղղությունն արձանագրել է 18,6% աճ։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2025 թվականի արդյունքներով կազմել է 3,666,540 դրամ, ինչը համարժեք է 9,474 ԱՄՆ դոլարի կամ 8,393 եվրոյի։ Ծախսային եղանակով հաշվարկված ՀՆԱ-ի կազմում վերջնական սպառման ծախսերը կազմել են 9,200,856.6 մլն դրամ, իսկ հիմնական միջոցների համախառն կուտակումը՝ 2,423,704.3 մլն դրամ։












