Հրաժեշտ պլաստիկին․ Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը 

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովի այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Սա պլաստիկի դեմ պայքարի հաջորդ՝ ավելի խիստ փուլն է։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականից Հայաստանում արգելված էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից պատրաստված պարկերի)։ Այժմ առաջարկվում է սահմանել ամբողջական արգելք։

Ի՞նչ է փոխվում

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և սննդի կետերում այլևս չպետք է լինեն.

  • Պլաստիկ սպասք՝ ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ և դանակներ։
  • Բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակները՝ անկախ դրանց հաստությունից (բացառությամբ կշռափաթեթավորման շատ բարակ տոպրակների)։
  • Աքսեսուարներ՝ ըմպելիքների ձողիկներ, խառնիչներ և բաժակների պլաստիկ կափարիչներ։
  • Փրփրապլաստե տարաներ և սննդի կոնտեյներներ։

Կարևոր բացառություն. Արգելքը չի տարածվի այն պլաստիկ տարաների վրա, որոնք ունեն կափարիչ և օգտագործվում են բացառապես կշռափաթեթավորման նպատակով։

Այլընտրանքը՝ կտորե տոպրակներ

Որպես պլաստիկին փոխարինող տարբերակ՝ առաջարկվում է անցնել բազմակի օգտագործման կտորե տոպրակների։ Ըստ նախարարության հետազոտության՝ դրանց շուկայական գինը տատանվում է 1100-2500 դրամի սահմաններում։ Զեկուցողի խոսքով՝ չնայած սկզբնական բարձր գնին, դրանք սպառողի համար ավելի ձեռնտու են, քանի որ կարող են ծառայել տարիներ շարունակ։

Ո՞վ է վերահսկելու և ի՞նչ տուգանքներ են սպասվում

Օրենքի կիրարկմանը հետևելու են տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Վերջինս իրավունք կունենա իրականացնել դիտարկումներ՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու։

Խախտումների դեպքում սահմանվել է հետևյալ պատասխանատվությունը.

  • Առաջին անգամ՝ նախազգուշացում։
  • Կրկնվելու դեպքում՝ տուգանք 100,000-ից մինչև 150,000 դրամի չափով։

Բիզնեսի շահերը և ադապտացիայի ժամանակը

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ փոփոխությունը երկար է քննարկվել և դրա ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև 2027 թվականը, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան ադապտացվելու և անհրաժեշտության դեպքում արտադրությունը վերապրոֆիլավորելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները