SpaceX-ը հայտարարել է xAI ընկերության գնման մասին, որին պատկանում է նաև X սոցիալական հարթակը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ը հայտարարել է արհեստական բանականությամբ զբաղվող xAI ընկերության գնման մասին, որը նաև վերահսկում է X (նախկին Twitter) սոցիալական հարթակը։ Հայտարարությունը հրապարակվել է SpaceX-ի պաշտոնական կայքում՝ Իլոն Մասկի անունից։

Մասկի խոսքով՝ գործարքի նպատակն է ստեղծել «Երկրի վրա և դրանից դուրս ամենահավակնոտ, ուղղահայաց ինտեգրված նորարարական կենտրոնը», որը կներառի արհեստական բանականություն, հրթիռներ, արբանյակային ինտերնետ և տեղեկատվության փոխանակման հարթակ։

Նրա գնահատմամբ՝ ներկայում արհեստական բանականության զարգացումը մեծապես կախված է ցամաքային տվյալների կենտրոններից, որոնք պահանջում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա և սառեցման համակարգեր։ Մոտ ապագայում ԱԲ-ի համար էլեկտրաէներգիայի գլոբալ պահանջարկը, ըստ Մասկի, հնարավոր չէ բավարարել միայն ցամաքային լուծումներով՝ առանց շրջակա միջավայրի և տեղական համայնքների վրա բացասական ազդեցության։

«Իմ գնահատմամբ՝ առաջիկա 2-3 տարում ԱԲ-ի համար հաշվարկային հզորությունների ստեղծման ամենաէժան տարբերակը կլինի տիեզերքը», — նշել է Իլոն Մասկը։

SpaceX-ը նախատեսում է տարեկան «միլիոնավոր տոննա» օգտակար բեռ տեղափոխել ուղեծիր՝ Starship հրթիռների միջոցով։ Մասկի խոսքով՝ եթե յուրաքանչյուր տոննա արբանյակ ապահովի 100 կիլովատ հաշվարկային հզորություն, ապա հնարավոր կլինի տարեկան ավելացնել շուրջ 100 գիգավատ ԱԲ հզորություն՝ առանց ընթացիկ շահագործման կամ վերանորոգման անհրաժեշտության։

Ընկերության առաջնահերթ խնդիրներից մեկը կդառնա ուղեծրային տվյալների կենտրոնների ստեղծումը։ Միաժամանակ SpaceX-ը կշարունակի զարգացնել Starlink արբանյակային ինտերնետի ցանցը և չի հրաժարվի այլ մոլորակներ թռչելու ծրագրերից։

«Տիեզերական տվյալների կենտրոնների ստեղծումը թույլ կտա ֆինանսավորել ինքնաբավ բազաներ Լուսնի վրա, ամբողջական քաղաքակրթություն Մարսում և, ի վերջո, մարդկության ընդլայնումը Տիեզերքում», — ասել է Մասկը։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ SpaceX–xAI գործարքը իրականացվել է բացառապես բաժնետոմսերի փոխանակման միջոցով։ Այն գնահատում է SpaceX-ը մոտ 1 տրլն դոլար, իսկ xAI-ը՝ շուրջ 250 միլիարդ դոլար։ Վերջինիս ակտիվների մեջ է մտնում նաև X սոցիալական հարթակը։

Մամուլի աղբյուրները նշում են, որ SpaceX-ը 2026 թվականի ամռանը կարող է դուրս գալ բորսա (IPO)՝ նպատակ ունենալով ներգրավել մինչև 50 մլրդ դոլար՝ մոտ 1,5 տրլն դոլար գնահատմամբ։ Ավելի վաղ Reuters-ն ու Bloomberg-ը հայտնել էին, որ ընկերությունը քննարկում է Մասկի այլ բիզնեսների հետ միավորման տարբերակները՝ IPO-ից առաջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները