ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի բանկային համակարգի խոշոր հարկատուների դասավորությունը զգալիորեն փոխվել է՝ համեմատած նախորդ տարվա հետ։
2025 թվականին բանկերի շարքում առաջատար է դարձել Արդշինբանկը, որը բյուջե է վճարել շուրջ 40.2 մլրդ դրամ, մինչդեռ 2024 թվականին նույն ցուցանիշը կազմել էր 6.7 մլրդ դրամ։ Արդշինբանկի վճարումների աճը կազմել է շուրջ 500%։ Հիշեցնենք, որ Արդշինբանկը զգալիորեն գերազանցում է մյուս բանկերին իր շահույթի մակարդակով։
2025-ին երկրի խոշոր հարկատուների տասնյակում, իսկ բանկերի շրջանում երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ շուրջ 29.0 մլրդ դրամով, մինչդեռ 2024 թվականին այն վճարել էր 23.5 մլրդ դրամ։ Ամերիաբանկի հարկային վճարումները մեկ տարվա ընթացքում աճել են մոտ 23%-ով, սակայն բանկը զիջել է առաջին դիրքը Արդշինբանկին։ ԱԿԲԱ Բանկը 2025-ին վճարել է շուրջ 14.0 մլրդ դրամ, 2024-ի 13.3 մլրդ դրամի դիմաց, իսկ Ինեկոբանկը՝ 11.6 մլրդ դրամ, նախորդ տարվա 11.1 մլրդ դրամի փոխարեն։
2025 թվականին մի շարք բանկեր գրանցել են հարկային վճարումների աճ՝ մասնավորապես Յունիբանկը (9.1 մլրդ՝ 7.9 մլրդ-ի դիմաց), ԱյԴի Բանկը (7.2 մլրդ՝ 6.4 մլրդ-ի դիմաց), Էվոկաբանկը (7.0 մլրդ՝ 5.6 մլրդ-ի դիմաց), Հայէկոնոմբանկը (5.9 մլրդ՝ 5.2 մլրդ-ի դիմաց), ինչպես նաև Արմսվիսբանկը, Մելլաթ Բանկը, Արցախբանկը և Բիբլոս Բանկ Արմենիա-ն, մինչդեռ Կոնվերս Բանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանել են գրեթե նույն մակարդակը, իսկ Արարատբանկի դեպքում արձանագրվել է նվազում՝ 6.1 մլրդ դրամից մինչև 5.9 մլրդ դրամ։
Հայաստանյան բանկերի վճարած հարկերը 2025թ․
| Բանկ | 2024 | 2025 | Փոփոխություն % |
|---|---|---|---|
| Արդշինբանկ | 6.7 | 40.2 | +500% |
| Ամերիաբանկ | 23.5 | 29.0 | +23% |
| ԱԿԲԱ Բանկ | 13.3 | 14.0 | +5% |
| Ինեկոբանկ | 11.1 | 11.6 | +5% |
| Յունիբանկ | 7.9 | 9.1 | +15% |
| Կոնվերս Բանկ | 7.8 | 7.8 | 0% |
| ԱյԴի Բանկ | 6.4 | 7.2 | +13% |
| Արարատբանկ | 6.1 | 5.9 | -3% |
| Էվոկաբանկ | 5.6 | 7.0 | +25% |
| ՎՏԲ-Հայաստան Բանկ | 5.4 | 5.4 | 0% |
| Հայէկոնոմբանկ | 5.2 | 5.9 | +13% |
| Ամիօ Բանկ | 4.6 | 5.0 | +9% |
| Ֆասթ Բանկ | 4.2 | 4.8 | +14% |
| Արմսվիսբանկ | 2.9 | 4.5 | +55% |
| Արդշինինվեստբանկ | 5.0 | 2.4 | -52% |
| Մելլաթ Բանկ | 1.5 | 1.8 | +18% |
| Արցախբանկ | 1.5 | 1.8 | +20% |
| Բիբլոս Բանկ Արմենիա | 1.1 | 1.2 | +11% |
2025 թվականին բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 164.6 մլրդ դրամ, մինչդեռ 2024 թվականին նույն բանկերի վճարումները կազմել էին շուրջ 119.8 մլրդ դրամ, այսինքն աճը կազմել է մոտ 44.8 մլրդ դրամ կամ շուրջ +37%։ Բանկերի վճարած հարկերը կազմում են մոտ 8.5%՝ 2025 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ընդհանուր՝ մոտ 1.95 տրլն դրամի մեջ։
Բանկերի կողմից վճարված հարկերի միջին չափը 2025 թվականին կազմել է մոտ 9.1 մլրդ դրամ մեկ բանկի հաշվով, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել էր շուրջ 6.7 մլրդ դրամ, այսինքն միջին հարկային բեռը մեկ բանկի հաշվով աճել է մոտ 2.4 մլրդ դրամով կամ շուրջ +36%։
Հայաստանի բոլոր բանկերը 1000 խոշոր հարկ վճարողների թվում են։ Բանկերի միջին դիրքը 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025 թվականին կազմել է մոտ 83-րդ հորիզոնական, մինչդեռ 2024 թվականին նույն բանկերի միջին դիրքը եղել էր մոտ 79-րդ հորիզոնական, այսինքն՝ միջին հաշվով բանկերը 2025-ին տեղաշարժվել են մոտ 4 հորիզոնականով ներքև՝ պայմանավորված առաջին հորիզոնականներում այլ ոլորտների ընկերությունների ակտիվությամբ։
Կարդացե՛ք նաև՝












