EU4Innovation East ծրագիրը հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին՝ Հայաստանում չորս ռազմավարական ոլորտներում ինկուբացիոն ծրագրեր ձևավորելու նպատակով՝ կիբերանվտանգություն, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech)։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 800 հազար եվրո ֆինանսավորում, յուրաքանչյուր ինկուբացիոն ծրագրի համար՝ մինչև 200 հազար եվրո։
Ըստ ծրագրի պայմանների՝ յուրաքանչյուր ոլորտում նախատեսվում է աջակցել մինչև 27 ստարտափի՝ 24 ամիս տևողությամբ ինկուբացիոն շրջանի ընթացքում։ Ստարտափները կստանան մենթորություն, տեխնիկական աջակցություն, առաջընթացի մոնիթորինգ և շուկաներ մուտք գործելու հնարավորություն։
Ծրագրում նախատեսված է նաև համագործակցություն եվրոպական գործընկերների հետ՝ փորձի փոխանցման, ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման և միջազգային կապերի ընդլայնման նպատակով։ Միաժամանակ կխթանվի համագործակցությունը տեղական էկոհամակարգի դերակատարների հետ։
Ծրագրի շրջանակում կտրամադրվի նաև հետինկուբացիոն աջակցություն՝ նպատակ ունենալով ապահովել ստարտափների անցումը աքսելերատոր ծրագրերի, ներդրումների ներգրավման կամ ռազմավարական գործընկերությունների ձևավորման փուլ։
Ծրագրին դիմել հնարավոր է մինչև 2026թ. մարտի 23-ը։
EU4Innovation East-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France-ի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ստարտափ էկոհամակարգերի մրցունակությունը Արևելյան գործընկերության հինգ երկրներում։












