Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%. թանկացել է սնունդը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 3.1% գնաճ։ Նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.6%-ով։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 3.3%։

Ամենամեծ գնաճը գրանցվել է կրթության ոլորտում՝ 8.3%, որին հաջորդում են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները՝ 6.7% աճով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները տարեկան կտրվածքով աճել են 3.8%-ով։ Տրանսպորտի ոլորտում արձանագրվել է 5.0% գնաճ, իսկ առողջապահության ոլորտում՝ 3.0%։ Միակ ոլորտը, որտեղ գրանցվել է գնանկում, հագուստ և կոշիկ ապրանքախումբն է՝ -0.2%։

Սննդամթերքի շուկայում էական թանկացումներ են նկատվել մի շարք առաջնային սպառման ապրանքների գծով։ Մասնավորապես, արևածաղկի բուսական յուղի գինը աճել է 15.0%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 13.7%-ով, իսկ կարագինը՝ 11.9%-ով։ Թանկացել են նաև մսամթերքը, որտեղ գառան մսի գինն աճել է 13.5%-ով, խոզի մսինը՝ 9.9%-ով, իսկ տավարինը՝ 4.2%-ով։ Զգալի աճ է գրանցվել սուրճի (10.7%), շոկոլադի (12.2%) և հատկապես կակաոյի (30.0%) գներում։ Հակառակ դրան՝ բանջարեղենի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գրանցվել է 7.8% գնանկում։

Ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.2%-ով։ Հատկանշական է վառելիքի շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները. բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.4% և 1.2%-ով։ Ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 2.9%-ով, ընդ որում՝ բժշկական ծառայություններինը աճել են 3.0%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները