Կներդրվի քաղաքացիների ծանուցման էլեկտրոնային համակարգ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ներդնել էլեկտրոնային ծանուցման ամբողջական մեխանիզմ։ Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանում չկա միասնական համակարգ, որի միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները պատշաճ կերպով ծանուցվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։

Նախագծով առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձինք կարող են մուտք գործել խիստ նույնականացման եղանակով՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումները կհրապարակվեն այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի համակարգ, նա համարվելու է պատշաճ ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում անձը մուտք չի գործում հարթակ, ապա ծանուցումն ավտոմատ կերպով կփոխանցվի փոստին՝ որպես առաքանի։ Եթե այն չի ստացվում կամ մերժվում է, ապա ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և յոթերորդ օրը անձը կհամարվի պատշաճ ծանուցված։

Եթե անձը համաձայնություն տա ստանալ ծանուցումներ բացառապես էլեկտրոնային եղանակով, ապա հրապարակման հաջորդող երրորդ օրը նա կհամարվի ծանուցված՝ անկախ նրանից՝ մուտք գործել է համակարգ, թե ոչ։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցման գործընթացը կիրականացվի Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման հարթակի միջոցով, որտեղ նրանք արդեն ներկայացնում են հաշվետվություններ։ Եթե ծանուցման պահից երեք օր անց իրավաբանական անձը մուտք չի գործում համակարգ՝ ծանուցումը կտեղադրվի azdarar.am կայքում և կհամարվի պատշաճ ստացված հինգերորդ օրը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախաձեռնությունը «թղթից դեպի թվային համակարգ անցնելու կարևոր քայլ է»։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ծանուցումների համակարգը մեծ ծախսեր է առաջացրել պետական բյուջեի համար, և նոր լուծումը հնարավորություն կտա դրանք նվազեցնել՝ միաժամանակ բարձրացնելով ծանուցումների արդյունավետությունն ու իրավական պաշտպանվածությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները