Մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը։ Այսօրվանից մինչև հոկտեմբերի 5-ը գիտությունն ու ճարտարագիտությունը կդառնան քաղաքային կյանքի առանցքային մասը,- խոստանում են կազմակերպիչները։
Արդեն երկրորդ տարին անցկացվող միջոցառումն այս տարի ունի «Զարգացիր գիտությամբ» կարգախոսը։ Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում ժամը 15-ից 21-ը կանցկացվեն գիտափորձեր, ցուցադրություններ, խաղեր, կլինեն ինտերակտիվ տաղավարներ, կներկայացվի գիտաֆանտաստիկ արվեստ։ Այցելուները հնարավորություն կունենան շփվել գիտնականների և ճարտարագետների հետ։
«Գիտության շաբաթ»-ն ապակենտրոն է, միջոցառումներ են նախատեսված նաև Հայաստանի մոտ 300 դպրոցներում ու մանկապարտեզներում, հանդիպումներ, կինոդիտումներ, այցելություն թանգարաններ ու քննարկումներ։
Դուրս չի մնացել նաև արհեստական բանականության թեման՝ AI տեխնոլոգիաները նույնպես կքննարկվեն առանձին հանդիպումներում։
«Գիտության շաբաթ»-ի նպատակն է դառնալ գիտության հանրահռչակման կարևոր հարթակ, ցույց տալ ու բացատրել, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կարող են և պետք է դառնան Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկը։
Օրակարգը կարող եք գտնել այստեղ։