Google-ը հայտարարել է Chrome բրաուզերի պատմության ամենախոշոր թարմացման մասին։ Նոր տարբերակում խորացված կերպով ինտեգրվել է Gemini արհեստական բանականության մոդելը, որը բրաուզերը դարձնում է ոչ միայն արագ, այլև խելացի ու առավել անվտանգ գործիք։
Ի՞նչ է փոխվել
- Gemini Chrome-ում. կարող է պարզաբանել բարդ տեքստեր, ամփոփել մի քանի ներդիրների բովանդակությունը (օր. ճամփորդության պլանի համար) և «հիշել» նախորդում բացված էջերը բնական հարցմամբ։
- Գործողությունների ավտոմատացում. մոտ ապագայում Gemini-ն կկարողանա օգտատիրոջ անունից գրանցել այցեր կամ պատվիրել առաքումներ՝ պահպանելով վերահսկողությունը օգտատիրոջ ձեռքում։
- Խորը ինտեգրում Google ծառայությունների հետ. հնարավոր է անմիջապես Chrome-ից աշխատել Calendar-ի, YouTube-ի և Maps-ի հետ․ օրինակ՝ գտնել կոնկրետ պահը YouTube տեսանյութում ու միանգամից անցնել այդ հատվածը։
- AI Mode որոնում. հասցեի տողում ավելացել է նոր ռեժիմ, որը հասկանում է երկար ու բարդ հարցերը, տալիս խորացված պատասխաններ և թույլ է տալիս շարունակել թեման՝ առանց էջը փոխելու։
Անվտանգություն և գաղտնիություն
- Safe Browsing-ը, օգտագործելով Gemini Nano մոդելը, հայտնաբերում է կեղծ աջակցության սխեմաներ, խաբեությունների կայքեր և կեղծ «վիրուսային սկաներներ»։
- Chrome-ը նվազեցնում է նյարդայնացնող ծանուցումները՝ առաջարկելով արագ անջատել ավելորդ push-երը։
- Թույլտվությունների հարցումները (տեսախցիկ, միկրոֆոն, տեղադիրք) ցուցադրվում են ավելի խելացի՝ հաշվի առնելով կայքի վստահելիությունը և օգտատիրոջ սովորությունները։
- Գաղտնաբառերի կառավարիչը կկարողանա ոչ միայն ավտոմատ լրացնել տվյալները, այլև մի կոճակով փոխել վտանգված գաղտնաբառերը հայտնի կայքերում, ինչպիսիք են Coursera, Spotify, Duolingo, H&M և այլն։
Ընկերության խոսքով՝ այս փոփոխությունները Chrome-ը վերածում են ինտելեկտուալ գործընկերոջ, որը հասկանում է կոնտեքստը, օգնում կողմնորոշվել բարդ տեղեկատվության մեջ և թեթևացնում առօրյա գործերը՝ պահպանելով օգտատիրոջ անվտանգությունն ու վերահսկողությունը։