Oracle Corporation-ի բաժնետոմսերը սեպտեմբերի 11-ին աճել են ավելի քան 36%-ով՝ հասնելով պատմական ռեկորդի։ Աճը պայմանավորված է ընկերության գլխավոր տնօրեն Սափրա Քացցի հայտարարությամբ, ըստ որի՝ Oracle-ի AI-ի վրա հիմնված ամպային ծառայությունների եկամուտները 2030թ․ ֆինանսական տարում կհասնեն 144 միլիարդ դոլարի։
Ընկերության հաշվարկներով, ընթացիկ տարում ամպային բիզնեսի եկամուտը կկազմի մոտ 18 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարիներին կհասնի 32, 73, 114 և վերջապես՝ 144 միլիարդի։ Բաժնետոմսերի թռիչքային աճը Oracle-ի շուկայական արժեքն ավելացրեց շուրջ 250 միլիարդ դոլարով։
Թեև ընկերության առաջին եռամսյակի եկամուտները՝ 14,9 միլիարդ դոլար, փոքր-ինչ զիջեցին վերլուծաբանների սպասելիքներին, Oracle-ը հայտարարեց մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերի կնքման մասին։ Դրանց շնորհիվ պայմանագրային պորտֆելը եռամսյակում աճել է 359%-ով՝ հասնելով 455 միլիարդ դոլարի։
Oracle-ը համագործակցում է առաջատար AI ընկերությունների հետ՝ ներառյալ OpenAI, xAI և Meta։ Ընկերությունը նաև ներգրավված է «Stargate» հսկայածավալ AI ենթակառուցվածքային ծրագրում։
Հատկանշական է, որ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլլիսոնը վերջին զարգացումների շնորհիվ այժմ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։