Հայաստանի կառավարությունը հաստատել է $4 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագիր, որի շրջանակում Plug and Play Tech Center միջազգային աքսելերատորը կբացի մշտական գրասենյակ Երևանում և առաջիկա երեք տարում կգործարկի ծրագրեր՝ ուղղված հայկական ստարտափների գլոբալ մրցունակության բարձրացմանը։
Նորաստեղծ գրասենյակը Հայաստանում կդառնա միջազգային նորարարական կապի կարևոր հանգույց։
Համագործակցությունը նախատեսում է՝
- Ինկուբացիոն ծրագրեր՝ սկսնակ թիմերի գաղափարների զարգացմամբ,
- Նախաարագացուցիչ փուլեր՝ շուկայի մուտքի նախապատրաստմամբ,
- Արագացուցիչ ծրագրեր՝ կապ ներդրողների և միջազգային էկոհամակարգի հետ։
Նախագիծը հուլիսի 3-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ համագործակցության շարունակականությունը կարևոր պայման է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հետևողական զարգացման համար։
Հիմք ընդունելով այն փաստը, որ «Plug and Play»-ի հետ արդեն իսկ առկա է հաջողված ծրագիր, կազմակերպությունը քաջատեղյակ է հայաստանյան շուկային և ստարտափ էկոհամակարգին՝ առաջարկվում է «Plug and Play»-ի հետ համագործակցությունը դարձնել շարունակական՝ հնարավորություն տալով ձեռք բերված արդյունքները զարգացնել առաջիկա 3 տարիների ընթացքում:
Հատկանշական է, որ դեռևս 2023-2024թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն աքսելերացիոն ծրագրեր իրականացնող ընկերություններից մեկին հրավիրել Հայաստան: 2024 թվականին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Plug & Play Germany GmbH» կազմակերպությունը, որը Հայաստանում իրականացրել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ծրագրի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել բարձր որակավորում ունեցող 46 մասնագետներ, որոնք անհատական մենթորություն են իրականացրել մասնակից ստարտափների հետ, ինչպես նաև հանդիպումներ են ունեցել տեղի վենչուրային ֆոնդերի և ասոցացիաների ներկայացուցիչների հետ: Ծրագրի շրջանակներում միջազգային մենթորները դասախոսություններ են ունեցել նաև պետական հատվածի աշխատակիցների և հայաստանյան բուհերի ուսանողների համար:
2024 թվականին մեկնարկած ծրագրի արդյունքում մասնակից ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ և ներգրավել են ներդրումներ: «Plug and Play»-ն ամբողջ աշխարհում ունի գործընկերների բավականին մեծ շրջանակ (network), որի շնորհիվ ծրագրի մասնակից ստարտափները հնարվորություն են ստացել կապեր հաստատելու համաշխարհային մեծ կորպորացիաների հետ:
«Plug and Play»-ը Հայաստանում իր գործունեության 6 ամիսների ընթացքում ուսումնասիրել է տեղական էկոհամակարգը, արձանագրել է առկա խնդիրներն ու բացերը, կապեր է հաստատել տեղական ընկերությունների, վենչուրային ֆոնդերի, հրեշտակ ներդրողների, ասոցացիաների, միությունների, համալսարանների ներկայացուցիչների հետ, և ծրագրի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության առաջարկներ է ներկայացրել: «Plug and Play»-ի գործունեությունը և ներկայությունը Հայաստանում դրական ազդեցություն է ունեցել ինչպես ստարտափ էկոհամակարգի վրա, այնպես էլ Հայաստանի տեխնոլոգիական հեղինակության վրա, որի ապացույցն է «StartupBlink» գլոբալ ստարտափ էկոհամակարգի հետազոտական կենտրոնի հրապարակած ստարտափ էկոհամակարգի 2025 թվականի հաշվետվությունը (Global Startup Ecosystem Report 2025), որում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 3 հորիզոնականով՝ զբեղեցնելով 54-րդ հորիզոնականը: Վերոնշյալ հաշվետվության մեջ «Plug and Play»-ի կողմից Հայստանում իրականացրած աքսելերացիոն ծրագիրը ներառված է էկոհամակարգի տարեկան կարևոր ձեռքբերումների ցանկում:
Համաձայն Pitchbook միջազգային տեղեկատվական և վիճակագրական հարթակի տվյալների՝ «Plug and Play»-ը ճանաչվել է 2024 թվականին Եվրոպայում ամերիկյան կապիտալով ամենաշատ ներդրումներ իրականացրած կազմակերպությունը՝ առաջ անցնելով միջազգային այլ հեղինակավոր աքսելերատորներից, ինչպիսիք են՝ «Y Combinator»-ը և «Techstars»-ը: Համաձայն եվրոպական ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակող Sifted հարթակի տվյալների՝ «Plug and Play»-ը 2025 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայում 3-րդ ամենաակտիվ վենչուրային ներդրողն է: