Meta-ի գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է մեկնաբանել ուղեղի ազդանշանները և որոշել, թե որ ստեղներն է մարդը սեղմում առանց անմիջական հպման, գրում է technologyreview.com-ը։
35 կամավորների մասնակցությամբ գիտափորձի ժամանակ խորը նեյրոնային ցանցի հիման վրա գործող ալգորիթմը կարողացել է հասնել տառերի ճանաչման 80% ճշգրտության: Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիան մնում է բացառապես լաբորատորիայում:
Չնայած բոլոր սահմանափակումներին՝ Meta-ի այս նախագիծը դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, որը կարող է լույս սփռել մարդկային մտքի մեխանիզմների վրա և նպաստել AI-ի զարգացմանը։
Այս գաղափարը ծագել է 2017 թվականին, երբ Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Facebook-ն աշխատում է տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա մարդուն «մուտքագրել տեքստն անմիջապես ուղեղից»։ Այդ ժամանակ ընկերությունը նախատեսում էր ստեղծել սարք, օրինակ՝ գլխարկ կամ գլխաշոր, որը կարող էր կարդալ ուղեղի ազդանշանները և դրանք վերածել տեքստի՝ առանց իմպլանտների անհրաժեշտության: Սակայն, այս գաղափարի իրականացումը բախվեց լուրջ տեխնիկական խոչընդոտների, և չորս տարի անց Facebook-ը հրաժարվեց սարքի սպառողական տարբերակի մշակումից։ Չնայած կոմերցիոն նախագծի փակմանը, Meta-ն այնուամենայնիվ շարունակել է ֆինանսավորել նեյրոգիտության ոլորտում հիմնարար հետազոտությունները:
Meta-ի «Brain & AI» հետազոտական խմբի ղեկավար Ժան-Ռեմի Քինգը ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակը ոչ թե վերջնական արտադրանքի ստեղծումն է, այլ հետազոտության հիմնարար սկզբունքների ուսումնասիրությունը։ Մարդու ուղեղի ճարտարապետությունն ու աշխատանքը հասկանալը կարող է նոր ուղիներ բացել արհեստական բանականության համակարգերի զարգացման համար։