19-րդ դարում հիմնադրված ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 230%-ով. պատճառը AI-ն է

Վերջին լուրերը
19-րդ դարում հիմնադրված ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 230%-ով. պատճառը AI-ն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեխասի՝ ավելի քան մեկ դար առաջ հիմնադրված հողային ընկերության բաժնետոմսերի գինը վերջին մեկ տարում աճել է 230%-ով: Ըստ Bloomberg-ի՝ Texas Pacific Land Corp. (TPL) դարձել է արհեստական ​​ինտելեկտի բումի անսպասելի շահառուներից մեկը։

Ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, սակարկությունների փակման ժամանակ TPL-ի բաժնետոմսերը վաճառվում էին 1,73 հազար դոլարով: Հոդվածը գրելու պահին բաժնետոմսերի գինը կազմում է 1,64 հազար դոլար։

1888 թվականին ստեղծված ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է ավելի քան 41 միլիարդ դոլար, սա ավելին է, քան Halliburton ամերիկյան խոշորագույն նավթային ընկերության և «State Street» ներդրումային ընկերության կապիտալիզացիան:

TPL-ը տեղակայված է Դալլասում և ունի 100 աշխատակից: Ընկերությունը տրամադրում է իր 3.53 հազ. կմ հողատարածքը՝ մայնինգային կենտրոնների, մարտկոցների կայանների և վերականգնվող էներգիայի օբյեկտների կառուցման համար։ Ապագայում բնական գազով հարուստ նրա տարածքը կհետաքրքրի այնպիսի տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը և Amazon-ը, որոնց տվյալների կենտրոնների համար էժան էներգիա է պետք, գրում է Bloomberg-ը։

Սա առաջին դեպքը չէ, երբ տասնամյակների պատմություն ունեցող ընկերությունը ներգրավում է ներդրողների հետաքրքրությունը AI-ի բումի պատճառով: 1910-ին հիմնադրված, բայց 1885թ.-ից պատմությունը սկսած ճապոնական Fujikura-ի բաժնետոմսերը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել են 400%-ով: Այս պահին Fujikura-ի բաժնետոմսերը ճապոնական ֆոնդային բորսայում վաճառվում են 5,64 հազար իենով (35 ԱՄՆ դոլար)։

Fujikura-ն մասնագիտացած է օպտիկամանրաթելային մալուխների արտադրության մեջ, որոնք օգտագործվում են տվյալների կենտրոնների կառուցման մեջ: Ընկերության խոշորագույն հաճախորդների թվում է ամերիկյան Apple-ը։ «Տվյալների կենտրոնների պահանջարկը կտրուկ աճել է 2022 թվականից ի վեր: Այն ժամանակ մենք դա չէինք գիտակցում, բայց այս տարի պարզ դարձավ, որ ամեն ինչ կապված է AI-ի հետ»,- ասել է Fujikura-ի ֆինանսական տնօրենը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները