Apple-ը մշակում է իր Siri ձայնային օգնականի բարելավված տարբերակը՝ ներառյալ խոսակցության հնարավորությունը՝ OpenAI-ի ChatGPT չաթբոտի հետ մրցակցելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Siri-ում խոսակցական ռեժիմի աջակցությունը հնարավոր կլինի ավելի առաջադեմ խոշոր լեզվական մոդելների կիրառմամբ։ Բացի այդ, Apple-ի ձայնային օգնականը կկարողանա ավելի արագ մշակել ավելի բարդ հարցումները։
Նոր ծառայությունը ստացել է LLM Siri աշխատանքային անվանումը և ապագայում կավելացվի Apple Intelligence արհեստական ինտելեկտում։ Apple-ը ներկայումս փորձարկում է Siri-ի բարելավված տարբերակը iPhone-ի, iPad-ի և Mac-ի վրա՝ որպես ինքնուրույն հավելված, սակայն տեխնոլոգիան, ի վերջո, կփոխարինի ներկայիս Siri ինտերֆեյսին։
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նախատեսում է ձայնային օգնականի թարմացման մասին հայտարարել 2025 թվականին՝ iOS 19-ի և macOS 16-ի առաջիկա թարմացումների շրջանակներում, իսկ Siri-ի բարելավված տարբերակը հասանելի կդառնա օգտատերերին միայն 2026 թվականի գարնանը, չնայած ժամկետները չի բացառվում որ փոխվեն։
Մինչ Apple-ն աշխատում է ձայնային նոր օգնականի վրա, ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերին կավելացնի ChatGPT-ն Apple Intelligence-ում: Siri-ի բարելավված տարբերակի գաղափարը օգտատերերին AI-ի ավելի մեծ հնարավորություններ տալն է: