Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել՝ անլար եղանակով տվյալների փոխանցումը հասցնելով 938 գիգաբիթ/վրկ արագության։ Սա 30%-ով ավելի է նախորդ ձեռքբերումից, որը սահմանվել էր ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ավելի լավ հասկանալու համար այս արագությամբ 2 ժամ տեւողությամբ 4K ֆիլմ կարելի է ներբեռնել 0.12 վայրկյանում։
Սովորաբար, անլար ցանցերը տեղեկատվություն են փոխանցում ռադիոալիքների միջոցով՝ հաճախականությունների նեղ տիրույթում: Ընթացիկ անլար փոխանցման մեթոդները, ինչպիսիք են wi-fi-ը և 5G բջջային կապը, հիմնականում գործում են 6 ԳՀց-ից ցածր հաճախականություններով: Իսկ այժմ հաջողվել է ստանալ 5-ից մինչև 150 ԳՀց հաճախականությունների միջակայք, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ ռեկորդից։
Բայց այս հաճախականության տիրույթում գերբեռնվածությունը սահմանափակել է անլար կապի արագությունը:
UCL Electronic & Electrical Engineering-ի հետազոտողները հաղթահարել են այս խոչընդոտը՝ տեղեկատվություն փոխանցելով ռադիոհաճախականությունների ավելի լայն տիրույթի միջոցով՝ առաջին անգամ համատեղելով ինչպես ռադիո, այնպես էլ օպտիկական տեխնոլոգիաները: Արդյունքները նկարագրված են նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Journal of Lightwave Technology-ում:
Ակնկալվում է, որ անլար սպեկտրի այս ավելի արդյունավետ օգտագործումը կօգնի բավարարել անլար տվյալների հզորության և արագության աճող պահանջարկը առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում: