Արհեստական բանականությունը դարձել է Google-ի անբաժանելի մասը՝ դրա օգնությամբ ստեղծելով ընկերության արտադրանքի հիմքում ընկած նոր կոդի ավելի քան մեկ քառորդը: Այս մասին հայտարարել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը՝ ներկայացնելով 2024 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունը։
«Մենք ներքին AI-ն օգտագործում ենք զարգացման գործընթացները բարելավելու համար, ինչը մեծացնում է արտադրողականությունը և արդյունավետությունը: Այսօր Google-ի ամբողջ նոր կոդի քառորդից ավելին ստեղծվում է AI-ի կողմից, այնուհետև վերանայվում և ընդունվում է ինժեներների կողմից: Սա օգնում է մեր ինժեներներին ավելին անել և ավելի արագ աշխատել»,- հայտնել է թոփ մենեջերը:
Ըստ Պիչայի՝ AI համակարգերը առանցքային դեր են խաղում Google-ի եկամուտների աճի մեջ. Alphabet-ի ընդհանուր եկամուտը եռամսյակում կազմել է $88,3 մլրդ, իսկ Google Services-ից ստացված հասույթը տարեկան կտրվածքով աճել է 13%-ով՝ հասնելով $76,5 մլրդ-ի։
Google Cloud-ի ամպային ստորաբաժանումը, ներառյալ AI ենթակառուցվածքը այլ ընկերությունների համար, բերել է 11,4 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 35%-ով ավելի է անցած տարվանից։ Իսկ Google Cloud-ի գործառնական շահույթը հասել է 1,95 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 270 միլիոն դոլարի դիմաց:
Պիչայի խոսքով՝ Google-ը նաև կարողացել է նվազեցնել որոնողական համակարգում արհեստական բանականության պատասխանների տրամադրման ծախսերը, ինչն օգնել է ընկերությանը հաղթել այնպիսի հիմնական մրցակիցներին, ինչպիսիք են Amazon-ը և Microsoft-ը: