iPhone 16-ի սեփականատերերը զանգվածաբար բողոքել են սարքի հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է MacRumors հարթակը՝ հղում անելով ֆորումներում ցանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներին։
Սմարթֆոնի վաճառքի մեկնարկից սկսած՝ անսարքությունների մասին հաղորդագրություններ են ստացվել և շարունակում են հայտնվել գրեթե մեկ ամիս անց: Ըստ iPhone 16-ի սեփականատերերի՝ սարքը ինքնաբուխ վերագործարկում է (restart) օրական 20 անգամ: Այս դեպքում խնդիրը հայտնվում է պատահականորեն՝ նախ էկրանը դադարում է արձագանքել հպումներին, այնուհետև այն սկսում է վերագործարկել:
iOS 18.0.1-ի և iOS 18.1-ի թարմացումները չօգնեցին ազատվել խնդրից. այն շարունակում է հայտնվել նույնիսկ նոր ծրագրեր տեղադրելուց հետո: Որոշ օգտատերեր կապվել են Apple-ի հետ և հայտնել խնդիրների մասին, որից հետո ստացել են նոր սմարթֆոններ՝ երաշխիքով։ Սակայն խնդիրը նորից կրկնվել է։ Այս բողոքների մեծ մասը կապված է iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի աշխատանքի հետ։
Բացի այդ Reddit-ի օգտատերերը բողոքում են սարքի ինքնավար աշխատանքի ժամանակից։
Օրինակ՝ սմարթֆոնի մարտկոցի լիցքը օրվա կեսին իջնում է 100%-ից մինչև 60%, նույնիսկ եթե սարքն ակտիվորեն չի օգտագործվում։ Համացանցում կարելի է գտնել վերջերս հայտնված մեծ թվով հաղորդագրություններ, որոնց հեղինակները դժգոհ են իրենց iPhone 16-ի մարտկոցի աշխատունակությունից։
Նշենք, որ Reddit-ում կան բողոքներ iPhone 16-ի ինքնավարության հետ կապված խնդիրների, ինչպես նաև iOS 18-ով աշխատող iPhone-ի ավելի հին տարբերակների վերաբերյալ: Չնայած ծրագրային հարթակի նոր տարբերակի թողարկումից հետո սարքերի ինքնավարության վերաբերյալ բողոքները պարբերաբար հայտնվում են, այս անգամ խնդիրը, կարծես թե, ազդում է բավականին մեծ թվով մարդկանց վրա:
iPhone 16-ի որոշ սեփականատերեր գրում են, որ իրավիճակը բարելավվել է iOS 18.0.1-ը և iOS 18.1 բետա տարբերակը տեղադրելուց հետո, բայց, միևնույնն է, սա ոչ բոլորին է օգնել: Այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ինչն է առաջացնում մարտկոցի ավելորդ սպառումը, սակայն պարզ է, որ Apple-ը պետք է լուծի այս խնդիրը՝ թողարկելով համապատասխան ծրագրային թարմացում։