ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ի նիստի ժամանակ։
Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը նպաստելու է մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման հեշտացմանն ուղղված միջոցների ստեղծմանը։
«Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար»,– նշվում է ՀՀ կառավարության որոշման մեջ։
Համաձայնագրով կսահմանվեն կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները ևս։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: