Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ժամանակ Visa-ն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Այն ստորագրել են Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն և Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։ Գործընկերության նպատակն է խթանել կայուն և ներառական տնտեսական աճը Հայաստանում և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանի այլ երկրներում՝ աջակցելով թվայնացմանը և ֆինանսական ներառմանը:
Այս համագործակցության շրջանակում գործընկերները կնպաստեն ֆինանսական գրագիտության խթանմանը, ՓՄՁ-ներին և կին ձեռներեցներին աջակցելու, ինչպես նաև՝ էլեկտրոնային վճարումների միջոցով տնտեսական մասնակցության դյուրացման ծրագրերի իրականացմանը: Սա կներառի նաև ծառայությունների թվայնացումը, ինչպիսիք են GovTech-ը և հանրային տրանսպորտը:
«Հայաստանում ու տարածաշրջանում Visa-ի և ՎԶԵԲ-ի գործունեության մեծ փորձի շնորհիվ այս գործընկերության միջոցով դրական փոփոխություններ կբերենք Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը: Մենք հպարտ ենք միավորվել նման խոշոր դերակատարի հետ՝ այս դինամիկ երկրում և արագ զարգացող շուկայում խթանելու թվայնացումը, ՓՄՁ-ներին և ձեռներեց կանանց», – ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«Ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ՝ Հայաստանում զարգացնելու կարևոր առաջնահերթությունները, ինչպիսիք են թվայնացումը, ֆինանսական ներգրավումը և կայուն տնտեսական աճը: Կին ձեռներեցները զգալի ներդրում ունեն Հայաստանի տնտեսական աճում, և դեռ շատ չօգտագործված ներուժ կա: Մենք վստահ ենք՝ միասին կարող ենք կրկնապատկել դրական փոփոխությունները, նորարարության խթանումը և ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ներառական աճի և բարգավաճման հնարավորությունների ստեղծումը»,- նշում է Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: