Reddit-ը կիրականացնի 34 դոլար արժողությամբ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)

Վերջին լուրերը
Reddit-ը կիրականացնի 34 դոլար արժողությամբ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Reddit-ը, դառնալով հրապարակային առևտրային ընկերություն, մուտք կգործի Նյու Յորքի ֆոնդային բորսա՝ 6,4 մլրդ դոլար շուկայական արժեքով։

Պլատֆորմի բաժնետոմսերն այսօր՝ մարտի 23-ին, կսկսեն վաճառվել Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ RDDT նշանով: IPO-ի արդյունքում պլատֆորմը մտադիր է հավաքագրել 748 մլն դոլար՝  վաճառելով 22 մլն բաժնետոմս՝ 34 դոլար անվանական արժեքով։

Ընկերության 6,4 միլիարդ դոլար շուկայական արժեքը նվազել է 2021 թվականի համեմատ, երբ կազմակերպության շուկայական արժեքը, մասնավոր ֆինանսավորմամբ, գնահատվում էր 10 միլիարդ դոլար: Reddit-ի IPO-ն նախքան նրա բորսա մուտք գործելը չորսից հինգ անգամ աճել է, հայտնում է Reuters-ը, ինչը դրական նշան է նրա, որ այն կհասնի իր ցանկալի արդյունքին:

Reddit-ի ամենամեծ բաժնետերը Advance Publications-ն է՝ Condé Nast-ի մայր ընկերությունը, որին պատկանում են այնպիսի հայտնի ամսագրեր, ինչպիսիք են New Yorker-ը, Vogue-ը և Wired-ը:

Պլատֆորմը 2005 թվականի ի վեր յուրաքանչյուր տարի զուտ վնաս է գրանցել, այդ թվում՝ անցյալ տարվա 90,8 մլն դոլարի կորուստը: Սակայն ընկերության շաբաթական շուրջ 267 միլիոն օգտատերերը և գրառումների շտեմարանը այն դարձրել են խոշորագույն սոցիալական ցանցերից և բովանդակության հարթակներից (Content Platform) մեկը՝ առաջացնելով ներդրողների հետաքրքրությունը, թեև այն դեռ չի հասել համաշխարհային գերիշխանության այնպիսի մակարդակի, ինչպիսին Meta-ինն է: Ընկերության IPO-ն ցույց տվեց, որ այն ուներ մոտ 1 միլիարդ հրապարակումներ և ավելի քան 100,000 ակտիվ subreddit-ներ:

IPO-ի շնորհիվ Reddit-ը մտադիր է կրճատել իր տարեկան կորուստները և գտնել եկամուտների նոր հնարավորություններ, ներառյալ Google-ի հետ գործարք կնքելը, որը թույլ կտա տեխնոլոգիական հսկային բարելավել արհեստական ինտելեկտի իր մոդելները Reddit-ի օգտատերերի գրառումներով: Հարթակի օգտատերերի կողմից ստեղծված տվյալների հսկայական բազան պլատֆորմը գրավիչ թիրախ է դարձրել ընկերությունների համար, ովքեր ձգտում են բարելավել գեներատիվ AI գործիքների գործառույթները, ինչպիսիք են ChatGPT-ն և Google Gemini-ն:

Ներդրողները և ընկերության ղեկավարները մտահոգություն են հայտնել, որ հարթակի որոշ օգտատերեր կարող են փորձել բացասաբար ազդել բաժնետոմսերի գնի վրա: Reddit-ի IPO-ի մի փոքր մասը վերապահված էր կայքի որոշ օգտատերերի համար, ներառյալ չվճարված մոդերատորները, ովքեր վերահսկում են subreddit-ները: Այս բաժնետոմսերի սեփականատերերը որևէ պարտավորություն չունեն դրանք պահելու որոշակի ժամկետով և կարող են անմիջապես վաճառել դրանք:

Reddit-ի գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանի՝ վերջին տարվա ընթացքում եկամուտներն ավելացնելու փորձերը երբեմն առաջացրել են հարթակի օգտատերերի և մոդերատորների բացասական արձագանքը: Պլատֆորմի հազարավոր առցանց համայնքներ, որոնք հայտնի են որպես subreddit-ներ, փակվել են անցյալ տարի զանգվածային բողոքի ցույցի ժամանակ՝ կապված Հաֆմանի՝ կայքի հավելվածի ծրագրավորման ինտերֆեյսի մուտքավճար սահմանելու որոշման դեմ: Որոշ օգտատերեր ասում են, որ բողոքի ակցիան վատ է ազդել սոցիալական ցանցի մշակույթի վրա, թեև դրանից հետո օգտատերերի թիվը վերադարձել է նախկին նորմային:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները