ԵՄ աջակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագրի շրջանակում Գյումրիում կստեղծվի կրթական, խոհարարական, տնտեսական և տուրիստական զարգացման բացառիկ կենտրոն, այս մասին հրապարակմամբ հանդես է եկել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Մարտի 11-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար: Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:
Միջազգային մակարդակի խոհարարական դպրոցում՝ հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse) համագործակցությամբ մշակված ծրագրով ուսանելու հնարավորություն կստանան տարեկան 30 ուսանողներ: Նրանցից լավագույնները հնարավորություն կստանան ուսումը շարունակել ֆրանսիական Լիոն քաղաքում գործող Institut Lyfe-ում և կսովորեն խոհարարության ոլորտում աշխարհի լավագույն կրթական հաստատություններից մեկը համարվող դպրոցում, որի շրջանավարտներից շատերն աշխատում են Միշլենի աստղեր ունեցող ռեստորաններում:
«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի Թումո ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:
«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրիի տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրիին իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում Թումոյին և Գյումրիի քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», – նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ծրագիրը կիրականացվի Գյումրիի հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը Թումոյի կողմից կվերակառուցվի և կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.
- կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար
- առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում
- ռեստորաններ
- արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ
- փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք
Նմանատիպ կենտրոններ արդեն գործում են Բարսելոնայում, Հռոմում, Լիսաբոնում, Ռոտերդամում, Տիրանայում և աշխարհի մի շարք այլ անկյուններում: Իրենց արդյունավետությունն ապացուցած այսպիսի վայրերից ոգեշնչվելով՝ Գյումրիի կենտրոնը կմիավորի միջազգային լավագույն փորձն ու Թումոյի հեղինակային կրթական ծրագիրը:
Կենտրոնի կառուցման աշխատանքները ստանձնող թիմի ընտրության համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: