2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, հաղորդում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հոկտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության 1,4%-ով անկում նախորդ ամսվա նկատմամբ: Նման դեպք այս տարվա ընթացքում առաջին անգամ է գրանցվում: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 6%:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2022-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1 տոկոսով:
2023 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.5 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա 10 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 390.27 դրամ:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: