Գտի՛ր շուն կամ նույնիսկ ընկեր շանդ համար, հետևի՛ր նրա պատվաստման ժամանակացույցին ու հոգա՛ այլ խնդիրների մասին՝ հայկական Gabby հավելվածով:
Gabby-ի համահիմնադիր Վաչե Սահակյանի մոտ գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իր շան համար խաղընկեր էր փնտրում:
«Շանս պետք էր օրական 7 ժամ զբոսնել, վազել ու խաղալ։ Ուսանող էի, զուգահեռ աշխատում էի և անհնար էր այդքան ժամանակ տրամադրել։ Google-եցի, թե ինչպես 7 ժամվա զբաղվածությունը իրականացնեմ 2 ժամում։ Ոչ մի լուծում չգտնելով՝ սկսեցի ընկեր փնտրել, ինչի արդյունքում որոշեցի ստեղծել սեփական հավելվածը, որը սկզբում հնարավորություն էր տալիս շան համար խաղընկեր գտնել»,- պատմեց Վաչեն:
Gabby-ի հավելվածը նման է Tinder-ին. թերթում եք շան նկարները, հավանում եք որևէ մեկին, եթե տվյալ օգտատերը փոխադարձաբար հավանում է ձեր շան լուսանկարը՝ բացվում է զրուցարան, որտեղ արդեն կարող եք շփվել։ Հավելվածում կա նաև շան առողջությանը հետևող համակարգ։
Հավելվածը կօգնի նաև համապատասխան շուն որդեգրել: Նախ հավելվածում լրացնում եք Ձեր տվյալները, օրինակ՝ ինչ զբաղվածություն ունեք, ինչքան ժամանակ կարող եք տրամադրել շանը, ինչ կենցաղային պայմաններում եք ապրում և այլն: Բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ծրագիրն առաջարկում է համապատասխան շուն:
«Եթե ես ուսանող եմ ու ապրում եմ բնակարանում, ծրագիրը չի առաջարկի շուն, որին անհրաժեշտ է շատ ժամանակ կամ չափերով մեծ է»,-ասաց Վաչեն:
Համակարգում շան նկարը տեղադրելը պարտադիր է։ Ծրագիրն աշխատում է արհեստական բանականությամբ, որի ալգորիթմը ստեղծված է այնպես, որ թույլ չի տա շան նկարի փոխարեն ավելացնել մեկ այլ, օրինակ՝ մարդու կամ առարկայի նկար։
Կարդացե՛ք նաև՝ AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»
Ինչ վերաբերում է շան առողջությանը հետևող համակարգին, ապա օգտատերը նշում է շան քաշը, ցեղատեսակը, և ծրագիրը ցույց է տալիս, թե շունը քանի կիլոգրամ պիտի կշռի։ Ըստ դրա՝ հնարավոր է կարգավորել նրա օրական ակտիվությունը՝ քայլելու, վազելու ժամանակը, սնունդը և այլն:
Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերով, որն արդեն ներբեռնել է մի քանի հարյուր օգտատեր: Gabby-ն հասցրել է նաև դառնալ օրվա պրոդուկտ Product Hunt-ում:
Ներբեռնումից հետո մի քանի քայլով կարող եք գրանցվել Gabby-ում՝ մի քանի տարբերակով՝ էլփոստով կամ Google, iOS ID-ով։
Տվյալների գաղտնիության մասին մտածել են. ցուցադրվում է միայն գրանցվողի տարիքը, սեռը և լուսանկարը։
Օգտատերը գրանցվելուց հետո անցնում է հաջորդ քայլին՝ գրանցում է շանը, նշելով տարիքը, ցեղատեսակը, քաշը։
Կարդացե՛ք նաև՝ Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։