Android սարքերում WhatsApp-ի շատ օգտատերեր սովոր են Google Drive-ում հավելվածի պահուստային կրկնօրինակները պահել՝ առանց անհանգստանալու, թե որքան տարածք են դրանք զբաղեցնում: Սակայն շուտով պատճենները պահելու համար պետք է հաշվի առնել ամպային պահեստում ազատ տարածության քանակը, քանի որ մեսենջերը փոխում է իր քաղաքականությունը օգտվողի տվյալների պահպանման կանոնների վերաբերյալ: Այլ կերպ ասած, այժմ կրկնօրինակները կսկսեն տեղ զբաղեցնել Google Drive-ում, գրում է 3dnews.ru-ն։
Google One-ի վճարովի բաժանորդների համար այս նորությունը կարող է մեծ խնդիր չլինել, սակայն նրանց համար, ովքեր օգտվում են սովորական Google հաշիվներից, որոնք ունեն 15 ԳԲ ամպային պահեստ, նորամուծությունը տհաճ անակնկալ է: Անցյալ տարեվերջին WhatsApp-ը հայտարարեց տվյալների պահպանման կանոններում փոփոխություններ կատարելու մասին՝ զգուշացնելով, որ կրկնօրինակները կսկսեն տեղ գրավել Google Drive-ում: Եթե հասանելի ամպային տարածքի սահմանաչափը գերազանցվի, WhatsApp-ի թարմ տվյալները պարզապես չեն ներառվի կրկնօրինակում:
Ըստ տեղեկությունների՝ նշված փոփոխությունները անցած տարվա դեկտեմբերից փորձարկվում էին WhatsApp-ի բետա օգտատերերի շրջանում։ Դրանք կտարածվեն մեսենջերի բոլոր օգտատերերի վրա 2024-ի առաջին կիսամյակում, իսկ համապատասխան ծանուցում կուղարկվի դրանց ուժի մեջ մտնելուց մոտ 30 օր առաջ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: