«Պետք է հասկանանք, որ չկան լավագույններ ու վատագույններ, ամեն երեխա ունի լավագույնի իր պոտենցիալը»,- How2b-ի հետ զրույցում ասաց ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ով մասնակցում էր «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը
Նա նշեց, որ մեր երեխաների մոտ հիմնականում ինքնավստահությունն է պակասում:
«Սովետական հասարակությունում, հաղթողը լավագույնն էր: Այսօրվա ծնողների մի մասը դեռևս սովետական դաստիարակություն է տալիս երեխաներին: Այն ժամանակ, խորհրդային միությունը զտում էր լավագույններին, իսկ մնացածը կարևոր չէին:
Ինքնավստահություն պիտի լինի ամեն երեխայի մեջ: Հիշո՞ւմ եք օլիմպիական մեդալները. շահում էին լավագույնները: Կարծում եմ նրանց տրվում էր շատ հնարավորություն, իսկ մյուսներին ճզմում ու հարված էին հասցնում»,- նշում է Մարի Լու Փափազյանը:
Նրա կարծիքով, երեխան պետք է ինքնավստահ լինի, փորձի ու չվախենա ձախողվելուց:
«Ձախողման մի քանի փորձի մեջ հայտնաբերում ես քո ուժերը, որոշում ես հետագա կյանքիդ ուղղությունները: Այլ մարդկանց նկատողությունները, թե դու վատն ես, դու մեդալ չես շահել, չպիտի որոշիչ լինեն քո կյանքում»,-ընդգծեց Փափազյանը:
Նրա կարծիքով վաղվա հասարակությունը մեծապես կախված է այսօրվա երեխաներից, այդ իսկ պատճառով, իրենք ստանձնել են նաև այդ պատասխանատությունը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են, բայց գաղտնիքը միայն տեխնոլոգիաները չեն: Թումոյում մենք նաև մատուցում ենք դիզայներական կրթություն, որը ստեղծագործական է: Մենք հնարավորություն ենք տալիս երեխային, որ հայտնաբերեն իրենց սիրելի ոլորտը և սովորեն, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները շատ կարևոր են՝ լինի երաժշտության, ֆիզիկայի, թե ծրագրավորման մեջ: Բոլոր ոլորտերում տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում: Հետ մնալը չասեմ վտանգավոր է, բայց հավատացեք,. որ կփախցնենք առիթը, լինել առաջատար երկիր»,- ասաց Փափազյանը:
Նա հավելեց, որ այսօրվա երեխաները, մեծամասամբ ինքուրույն են սովորում, իսկ մենք պարզապես պետք է հետևենք:
«Պետք է իրենց հետաքրքրությունը ստեղծենք ու կիսենք, գիտության մեջ խորանալու առիթները ստեղծենք: Չեմ կարծում որ այլևս կա գիտություն առանց տեխնոլոգիայի: Պարզապես պետք է մտածել տարբերակների մասին, թե ինչպես գործենք»,-ասաց Փափազյանը:
Նա համոզված է, որ մեր տեխնոլոգիական ապագան այսօրվա երեխաների ձեռքում է, իսկ հանուն նրանց կրթության, ոչինչ չպետք է խնայել:
«Շատ արագ աշխատում ենք, դրամահավաք ենք անում որպեսզի հասցնենք: Երբեմն նույնիսկ մեր ուժերը չեն բավարարում, բայց ավելի մարդ ենք ընդունում, որ հասցնենք: Որպեսզի երեխաների և ուսուցիչների ժամանակը խնայենք, Թումո տուփեր ենք բացում, որ երեխաներն իրենց մտքերը գեներացնեն այնտեղ»,-նշեց Մարի Լու Փափազյանը:
Կարդացեք նաև՝ TUMO Labs-ը և SAP-ը 3 նոր նախագիծ են սկսում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։