Ֆրեյզերի ինստիտուտի տվյալներով, Հայաստանը 165 երկրի շարքում 11-րդն է տնտեսական ազատության ինդեքսով:
«Աշխարհի տնտեսական ազատության 2022թ.-ի տարեկան զեկույց»ը հիմնված է 2020թ.-ի տարեկան ցուցանիշների վրա և ընդգրկում է աշխարհի 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84 միավոր, ինչն ինստիտուտի՝ Հայաստանին երբևէ տված ամենաբարձր արդյունքն է:
Տնտեսական ազատության ինդեքսը չափում է երկրների տնտեսական ազատության աստիճանը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ և ներառելով 5 հիմնական ուղղություններ, ինչպիսիք են՝ Կառավարության որոշումների կայացման տնտեսական հենքերը, իրավական համակարգը և սեփականության իրավունքները, ազգային արժույթի հուսալիությունը և ինֆլյացիայի նկատմամբ դիմադրողականությունը, միջազգային առևտրում ազատության մակարդակը, աշխատանքի և բիզնեսի կարգավորման հետ կապված հարցերը։
2022թ.-ի տարեկան զեկույցի համաձայն՝ տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրներ են համարվում Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան՝ համապատասխանաբար 8.59, 8.48 և 8.37 միավորներով: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ, պայմանավորված 2020թ.-ին համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումներով, աշխարհի երկրների ցուցանիշները նվազել են:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։