Ռուսական դատարանը Google ընկերությանը պարտավորեցրել է վճարել 2 ունդեցիլիոն ռուբլի (թիվ՝ 36 զրոներով)։ Այս աննախադեպ գումարը կուտակվել է YouTube հարթակում ռուսական լրատվամիջոցների հաշիվների արգելափակման պատճառով, որը տեղի ունեցավ ուկրաինական հակամարտության սկզբում։
Ռուսաստանի դատարանը Google-ին պարտավորեցրել էր վերականգնել 17 ռուսական լրատվամիջոցների YouTube հաշիվները։ Քանի դեռ ընկերությունը չի կատարում այս պահանջը, յուրաքանչյուր օրվա համար նշանակվում է 100,000 ռուբլու տուգանք, որը կրկնապատկվում է ամեն շաբաթ։ Ընդհանուր գումարի սահմանափակում նախատեսված չէ։
Google-ը փորձում է պաշտպանել իր շահերը միջազգային դատարաններում։ Ընկերությունը հայցեր է ներկայացրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դատարաններ՝ պահանջելով արգելել ռուսական հեռուստաալիքներին իրենց դեմ դատական գործեր հարուցել Ռուսաստանից դուրս։
Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը) իր 2024թ․ երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ նշել է, որ այս դատական վեճերը «էական բացասական ազդեցություն չեն ունենա Google-ի գործունեության վրա»։
Սակայն ընկերության ռուսական մասնաճյուղը՝ ООО «Гугл»-ը, արդեն հայտարարել է սնանկության մասին։ 2022թ․ ընկերության եկամուտը կազմել է 24.17 միլիարդ ռուբլի, իսկ զուտ վնասը՝ 10.2 միլիարդ ռուբլի։