86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ գյուտարար Ռայմոնդ Դամադյանը, հաղորդում է The Washington Post-ը: Դամադյանը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը (MRI), որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Ռայմոնդ Դամադյանի մահվան մասին հայտարարությունը տարածել է Fonar Corp. կազմակերպությունը, որը գիտնականը հիմնադրել էր 1978թ.՝ ստանալով MRI տեխնոլոգիայի պատենտը: Մահը գրանցվել է օգոստոսիի 3-ին, պատճառը չի նշվում:
Դամադյանը ծնվել է Նյու-Յորքում՝ հայ և ֆրանսիացի գաղթականների ընտանիքում: Դամադյանը եղել է առաջին մարդը, ով 1977թ. իր իսկ մշակած մագնիսառեզոնանսային պատկերի միջոցով մարդու մարմնի ամբողջական սկանավորում է իրականացրել՝ ախտորոշելով քաղցկեղը:
Չնայած Դամադյանի ունեցած ներդրմանը՝ MRI տեխնոլոգիայի միջոցով բժշկական ախտորոշման ոլորտում հեղափոխական առաջընթաց գրանցելու գործում, 2003թ. Նոբելյան մրցանակը MRI մշակման համար հանձնվել էր Փոլ Լոտերբուրին և Պետեր Մանսֆիլդին: Դամադյանը հանրային արշավ էր սկսել Նոբելյան մրցանակի կոմիտեի դեմ՝ ներկայացնելով ճշմարտությունը առաջատար ամերիկյան թերթերում և լրատվամիջոցներում, սակայն որոշումը չէր փոխվել:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։