Փետրվարի 24-ից սկսվեց ՌԴ քաղաքացիների հոսքը Հայաստան: Առաջին օրերի խառնաշփոթը վաղուց անցել է, բայց գործընթացը շարունակվում և ավելի խորը արմատներ է գցում՝ լրջորեն ազդելով նաև Հայաստանի տնտեսական ակտիվության վրա: ՌԴ քաղաքացիների տեղափոխման շարժառիթների, Հայաստանում նրանց փորձառության, ռելոկացիայի տարբեր փուլերի և դրա տնտեսական հետևանքների մասին զրուցել ենք Team2B ընկերության համահիմնադիր Վլադիմիր Շատվերովի հետ:
Առաջին օրերին Ռուսաստանից Հայաստան էին գալիս խուճապի ալիքի վրա՝ երբեմն նույնիսկ չունենալով հստակ նպատակ և ծրագիր: Հիմա, երբ արդեն պատկերն ավելի հստակ է, կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչո՞ւ են իրականում ՌԴ քաղաքացիները տեղափոխվում Հայաստան:
Ռուսաստանից Հայաստան եկող մարդկանց թվում հիմնականում ֆրիլանսերներ են, որոնց արտասահմանյան պատվիրատուներն այլևս չեն ցանկանում ՌԴ-ում գրանցված իրավաբանական անձանց հետ աշխատել: Հենց այդ պատճառով, նրանք հիմա փորձում են փոխել գրանցումը և ներկայանալ որպես Հայաստանի ռեզիդենտներ: Մյուս պրակտիկ խնդիրը վճարային քարտերից ու ծառայություններից օգտվելու դժվարություններն են, ինչը հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար աշխարհից կտրվելու նման մի բան է: Հենց դա է պատճառը, որ եկողների գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են:
Իմ գնահատականով, ՌԴ-ից Հայաստան տեղափոխումը ընթանում է մի քանի ալիքներով: Առաջին ալիքը ներառեց ֆրիլանսերները և փոքր ՏՏ ընկերությունները, որոնք ավելի արագ են որոշում կայացնում և մոբիլ են:
Երկրորդ ալիքով, որը կարծես թե արդեն սկսվել է, Հայաստան կտեղափոխվեն երկու տարբեր խմբեր: Առաջինը ավելի մեծ՝ 50 և ավել աշխատակից ունեցող ՏՏ ընկերություններն են, որոնց տեղափոխվելը արդեն պահանջում է որոշակի նախապատրաստական աշխատանք, օրինակ՝ գրասենյակ, որի նկատմամբ, ի դեպ, նրանք ունեն բավականին բարձր պահանջներ, ինչպես նաև բնակարաններ աշխատակիցների համար: Այս երկու հարցում էլ Հայաստանը դեռ պատրաստ չէր արագ լուծումներ առաջարկելու: Այդ իսկ պատճառով նման ընկերություններն ավելի մանրակրկիտ են ուսումնասիրում երկրի հնարավորությունները, համեմատում դա այլ երկրների հետ:
Երկրորդ մեծ խումբը դիստրիբյուտորներն են, որոնք զբաղվում են Եվրոպայից Ռուսաստան ապրանքների ներկրումով: Հիմա նրանց եվրոպական գործընկերները ուղղակի խուսափում են ՌԴ ռեզիդենտ ընկերությունների հետ գործ ունենալ, ուստի նրանք հայկական ընկերություններ են ստեղծում, որպեսզի Հայաստանով ներմուծեն դեպի Ռուսաստան: Այս սեգմենտը դեռ բավական լուրջ խնդիրներ ունի բանկերում հաշիվ բացելու հետ:
Երրորդ ալիքով տեղափոխվողները, ակնկալում եմ, կլինեն արդեն ռուսական արտադրողները, որոնք իրենց արտադրության մի մասը կտեղափոխեն Հայաստան: Նրանք Ռուսաստանում կիսաֆաբրիկատ ապրանք կթողարկեն, կբերեն Հայաստան, այստեղ այն կհասցնեն վերջնական ապրանքային տեսքի և արդեն որպես հայկական արտադրանք կարտահանեն: Հենց այս երրորդ խումբն էլ կարող է ամենամեծ էֆեկտն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դա նշանակում է գործող արտադրամասեր, բանվորական և մասնագիտական աշխատանք: Այս փուլի առաջին նշաններն արդեն կան, մի քանի ընկերություններ արդեն կապ են հաստատել դաշտի ուսումնասիրության համար:
Ավելի քան 1000 գրանցված բիզնես և 60 մլրդի հավելյալ շրջանառություն. Ռելոկացիայի մեկ ամիսը Հայաստանում
Ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր ունի Հայաստանը այլ երկրների հետ մրցավազքում
Հայաստանի առավելությունն այս մրցակցության մեջ ՏՏ ոլորտին տրվող հարկային արտոնություններն են, բայց մյուս կողմից էլ խնդիրն այն է, որ այդ արտոնությունները սահմանված են մինչև 2022թ. ավարտը և դեռ հստակ ազդակներ չկան, թե ինչ է լինելու հետո:
Առավելություն է, իհարկե, նաև այն, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են գալ ներքին անձնագրերով: Իսկ օրենսդրական առումով Հայաստանը շատ հարմար է նրանց համար: Օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատակիցներին աշխատանքի թույլտվության կարիք չկա, ինչը շատ մեծ առավելություն է: Հարկային ոլորտում ռուսներին շատ դուր է գալիս, որ ամեն ինչ արվում է թվային եղանակով: Իրենց խոսքով՝ օրենսդրությունը բավականին նման է ՌԴ օրենսդրությանը և իրենց համար հեշտ ընկալելի է: Պակաս կարևոր չէ, որ Հայաստանում կյանքի արժեքը համեմատաբար ցածր է, կան ժամանցի վայրեր, և այլն:
Հայաստանի թույլ կողմերը հիմնականում ենթակառուցվածքների սակավությունն է, օրինակ նույն բիզնես կենտրոնների ոչ բավարար քանակը, կամ համապատասխան քանակի բնակարանների առկայությունը, դրանց որակը և այլն:
Հայաստան ժամանելուց հետո ո՞րն է իրենց բիզնեսը տեղափոխող ՌԴ քաղաքացիների քայլերի հերթականությունը:
Առաջին հերթին գրանցում են ընկերություն, ապա բացում բանկային հաշիվ: Այնուհետև աշխատակիցների համար ձևակերպում են սոցիալական քարտեր և կնքվում են աշխատանքային պայմանագրեր, և անցնում աշխատանքի:
Այս գործընթացում, իհարկե, կան որոշակի մանրուքներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել: Պարզ օրինակ՝ ՏՏ ոլորտի հարկային արտոնություն ստանալու համար անհրաժեշտ է նշել համապատասխան կոդը հենց գրանցելու ժամանակ: Մեկ այլ մանրուք է այն, որ ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրով ժամանելիս սոցիալական քարտ ստանալը տևում է 4-5 օր, իսկ ահա արտասահմանյան անձնագրով ժամանելու դեպքում դա կատարվում է միանգամից:
Այս գործընթացը հեշտացնելու և արագացնելու համար մենք Team2B-ում պատրաստել ենք օնլայն հարցաշար, որի միջոցով ստանում ենք ամբողջ տեղեկատվությունը և նախապես պատրաստում բոլոր փաստաթղթերը, նախապես հերթագրում ենք, ինչի հաշվին նվազագույնի ենք հասցնում ժամանակի կորուստը: Բացի այդ, հաճախորդի համար կազմում ենք «երթուղի», որպեսզի նա իմանա, թե երբ ու ուր պետք է գնա:
Իրականում, Տելեգրամ ալիքները ձևավորում են հավաքական գիտելիք, և վերջին օրերին եկողները ավելի լավ են ծանոթ ամեն ինչին: Ամեն դեպքում, նրանք դեռ նախընտրում են օգտվել խորհրդատուների, որը թույլ կտա արագացնել գործընթացը և խուսափել ռիսկերից:
Իրականում, նրանց առջև միակ խոչընդոտն այս պահին բանկերի անորոշ կեցվածքն է, որովհետև նրանք դեռ որևէ հստակ խաղի կանոններ չեն հրապարակում կամ դրսևորում: Որոշ բանկեր ավելի ազնիվ են գտնվում, և եթե զգում են, որ մերժելու են, միանգամից մերժում են, բայց մյուսները ուղղակի բոլորից հավաքում են դիմումներ և ձգձգում են գործընթացը:
Պետք է նշել նաև, որ եկողների բավականին մեծ մասը մասը գրանցվելուց հետո վերադառնում են Ռուսաստան: Նրանց մի մասը գնում է՝ հետագայում ավելի լավ ու պատրաստված վերադառնալու և այստեղ երկարաժամկետ հաստատվելու համար: Իսկ մյուս մասի համար բավարար է Հայաստանում գրանցված ընկերություն ունենալը. այդ կերպ նրանք կկարողանան շարունակել աշխատել հեռավար:
Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ նման մեծ մասշտաբների «ռելոկացիան»:
Առաջին տնտեսական էֆեկտը արտարժույթի մեծ ներհոսքն ու արտահոսքն է Հայաստան, որից որոշակի մաս ամեն դեպքում մնում է այստեղ: Եվ բնականաբար, որպես բիզնես, այս ընկերությունները Հայաստանում որոշակի շահույթ են թողնում և ապահովում լրացուցիչ հարկային մուտքեր:
Երկրորդ էֆեկտն այն է, որ ժամանողների մեծ մասը բարձր եկամուտ ունեցող մարդիկ են և Հայաստանի համար շատ վճարունակ, ինչը կարող է որոշակի սպառման խթանման բերել:
Մեկ այլ էֆեկտ է բանկերի և խորհրդատվական ոլորտի ընկերությունների համար ստեղծված լրացուցիչ շուկան, որը ևս զգալի դրական տեղաշարժ է ապահովելու:
Ենթակառուցվածքների առումով ևս շատ մեծ առաջընթաց կարող է արձանագրվել, քանի որ ժամանողների պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ են թե՛ գրասենյակային տարածքներ, թե՛ պահեստներ: Այստեղ ևս մեծ բիզնես հնարավորությունն են բացվելու: Մեծ խթան է լինելու նաև բեռնափոխադրումների ոլորտում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։