Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ, տեղեկանում ենք ֆոնդի մամուլի ծառայությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը փոխարինել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենին, ով ԱՆԻՖ-ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։
Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է:
Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուի և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։
2023 թվականի նոյեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով, խորհրդի այն ժամանակվա նախագահ Տիգրան Ավինյանի (այժմ՝ Երևանի քաղաքապետ) լիազորությունները ժամկետից շուտ դադարեցվել են։ Մեկ այլ որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ի 2022 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը չեն հաստատվել, քանի որ «հաշվետու ժամանակաշրջանի համախմբված ֆինանսական հաշվետվությունը ճշգրիտ չի արտացոլում ընկերության և նրա դուստր կազմակերպությունների ֆինանսական վիճակը»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: