Picsart-ից մինչև Adobe․ հայ ծրագրավորողի պատմությունը

Կոդերը՝ արվեստ

Երբ մարդ ստեղծագործում է՝ թվերով․․․ Ինչ-որ մարդկանց համար սև ու սպիտակ զրոների ու մեկերի աշխարհը ծրագրավորողների համար ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն է։ Ծրագրավորող Միքայել Գևորգյանը ոլորտում է արդեն 6 տարի։  «Մենք ամեն օր ստեղծագործում ենք, որ սիրուն-սիրուն հավելվածներ եք քաշում, սիրուն-սիրուն կայքեր եք մտնում, այդ բոլորը ստեղծագործություններ են՝ արվեստի գործեր։ Հատկապես հիմա, ինչը որ անում էի 2 օրում, ընդամենը 5 րոպեում AI-ն անում է այդ առօրյա գործերը, ու կենտրոնանում ես ավելի ստեղծագործական խնդիրների վրա»։ 

- Advertisement -

Միքայել Գևորգյանը փորձառու ծրագրավորող ինժեներ է։ Նա հասցրել է աշխատել հայաստանյան ու արտասահմանյան հեղինակավոր ընկերություններում՝ Renderforest-ից ու Picsart-ից մինչև Adobe։ 

Ճանապարհը հեղինակավոր Adobe ընկերությունում սկսվել է հայկական թիմի հետ, երբ մշակում էին Commenting Stream համակարգը՝ հնարավորություն տալով Adobe-ի տարբեր հարթակներում՝ Photoshop, Illustrator և այլ պրոդուկտներում մեկնաբանություններ անել, պատասխանել և կազմակերպել թիմային հաղորդակցությունը։ Կազմակերպության Workfront Planning, Adobe Experience Cloud ու այլ նախագծերի հետևում նույնպես կանգնած է առաջատար ծրագրավորող Միքայել Գևորգյանը։

Ուսանողից՝ ծրագրավորող

Միքայելը միանգամից չի եկել ծրագրավորման ոլորտ, սկսել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետից՝ որպես ուսանող, հետո զբաղվել հաշվապահությունով, բայց դեռ ուսանողական տարիներից առաջացած սերը հաղթել է։

«Ծրագրավորման հետ առաջին անգամ ծանոթացել եմ հենց համալսարանում՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, էնտեղ C++ էինք ուսումնասիրում ու շատ էի հավանում, հետո տենց տանն էլ ահագին նայել էի, սերը այդտեղից ա առաջացել։ Ու մաթեմատիկա էլ եմ շատ-շատ սիրում, դա էլ իրականում կապ ուներ։ Ու չնայած մոտ վեց տարի հաշվապահ եմ աշխատել, բայց ի վերջո ծրագրավորումը ձգեց ինձ»։

Մասնագիտական կարիերան սկսել է Renderforest-ում, որտեղ նա Node.js–ով ստեղծել է բարձր մասշտաբային RESTful միկրոծառայություններ, գրել PostgreSQL և MongoDB հարցումներ և պատրաստել վիճակագրություն օգտատերերի գործողությունների վերաբերյալ։ 

«Արդեն Picsart-ում ես պատասխանատու էի վեբ-խմբագրման գործիքների մշակման համար՝ հարթակի, որն ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր։ Դա փորձություն էր՝ ծանրաբեռնվածություն, պահանջներ, թիմային աշխատանք։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ կարող եմ նաև մասշտաբային նախագծերի վրա աշխատել»։

Picsart-ից մինչև Adobe․ հայ ծրագրավորողի պատմությունը

Դասավանդում և մենթորություն

Միքայելի համար իր մասնագիտության ամենասիրելի պահը ուրիշներին սովորեցնել է։ 60-ից ավելի ուսանողներ է ունեցել, դասավանդել JavaScript-ի հիմունքներ։ Նրանց մեծ մասը՝ 80 տոկոսը, ոլորտում են։ Նաև մենթոր է եղել կրտսեր ծրագրավորողների համար։ Միքայելի խոսքով՝ ձեռքբերումներից է, երբ իրենց համատեղ աշխատանքից հետո ծրագրավորողներից մեկն ընդունվել է Google:

«Սիրում եմ այդ գործը, դուր է գալիս, որ կրտսեր ծրագրավորողներին սովորացնում եմ՝ ինչ պետք է անել, ինչպես։ Մենթորության կարևորն այն է, որ եթե սխալ է անում, դա  քո սխալն էլ է, պիտի իրեն սովորեցնես, պաշտպանես ու ոգևորես, որովհետև բոլորս էլ սխալվում ենք, չպետք է դրանից կոտրվել»։

Ֆինտեք ստարտափ՝ Lovely Split

Ծրագրավորման իմաստը մարդկանց կյանքն ավելի թեթև ու հեշտ դարձնելն է։ Իրավիճակ՝ հերթական ընկերական հավաքից հետո վճարել եք ձեր բանկային քարտով ու ընկերներից մեկը մոռացել է փողը հետ փոխանցել, դուք էլ ամաչում եք հիշեցնել այդ մասին։ Հենց այսպիսի դեպքերի համար Միքայելն ու ընկերները ստեղծել են Lovely Split հավելվածը։ 

«Հավելվածի միջոցով հարցում ես ուղարկում մյուսներին, որ պետք է վճարեն, ուղղակի կցում ես բանկային քարտը ու հենց app-ով անում ես վճարումը։ Կամ էլ, ենթադրենք ուզում եք երեք հոգով Youtube Pro-ի մեկ բաժանորդագրություն ձեռք բերել, որովհետև այդպես ավելի էժան է նստելու, կարող եք պարբերական վճարումներ միացնել, որ ամեն ամիս հիշեցնի, որ ունեք բաժանորդագրություն ու փողը տանի։ Lovely Split-ի նպատակը ֆինանսական գրագիտության մեծացումն է։ Հիմա սպասում ենք ներդրումների, որ ավելի զարգացնենք»։

Հավելվածը հեշտացնում է ընկերների, ընտանիքի անդամների և համատիրոջ հետ ծախսերի բաժանումը, թույլ է տալիս պարբերական վճարումներ ու կառավարել խնայողական պտտվող խմբեր (ROSCAs)՝ այսինքն մեզ ծանոթ «լոտո» խաղալ։ Միքայելը այս ֆինտեք ստարտափի տեխնիկական տնօրենն է։

Picsart-ից մինչև Adobe․ հայ ծրագրավորողի պատմությունը

Հայկական IT-ի պոտենցիալը և ապագայի երազանքը

Նրա խոսքով՝ հայկական IT ոլորտը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան այս պահին օգտագործվում է։ «Իմ աշխատանքի ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն պահերը, երբ ոչ միայն լուծել եմ կոնկրետ տեխնիկական խնդիր, այլ նաև դրանից օգտվել են հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ։ Օրինակ, Adobe-ում իմ մասնակցությամբ ստեղծված կամ բարելավված գործիքներն այսօր օգտագործում են միջազգային թիմեր՝ իրական խնդիրներ լուծելու համար։ Դա ինձ ցույց տվեց, որ իմ աշխատանքը կարող է ունենալ գլոբալ ազդեցություն։

Իսկ տարբեր թիմերի հետ աշխատելով տարբեր թիմերի հետ, համագործակցելով backend, frontend, product և design մասնագետների հետ, սովորել եմ ոչ միայն ծրագրավորել, այլև մտածել որպես համակարգային ինժեներ և թիմի անդամ, որը լուծում է բարդ խնդիրներ համատեղ ուժերով։ Միքայելի սիրելի ստեղծագործական գործիքները՝ ծրագրավորման լեզուները շատ են՝ JavaScript, TypeScript, React, Node.js, Express, GraphQL, AWS։ Այս բոլոր հմտությունների ու գիտելիքների կիրառության վերջնակետը Միքայել Գևորգյանի համար ստեղծելն է ֆինանսական գրագիտության կամ կրթական ծրագրեր, որոնք կունենան իրական, չափելի արժեք մարդկանց կյանքում։ «Սա է իմ երազանքը՝ թողնել հետք ոչ միայն որպես ծրագրավորող, այլ որպես ստեղծող, որը աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները