OpenAI-ը ներկայացրել է GPT-5.5 Instant մոդելը, որը դարձել է ChatGPT-ի նոր հիմնական (default) տարբերակը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ նոր մոդելը պետք է ապահովի ավելի ճշգրիտ, կարճ ու բնական պատասխաններ՝ միաժամանակ նվազեցնելով այսպես կոչված «հալյուցինացիաները»՝ AI-ի կողմից սխալ տեղեկությունների վստահ ներկայացումը։
OpenAI-ի ներքին գնահատականներով՝ GPT-5.5 Instant-ը GPT-5.3 Instant-ի համեմատ բարձր ռիսկային թեմաներում (օրինակ՝ բժշկություն, իրավունք և ֆինանսներ) 52.5%-ով պակաս սխալ պնդումներ է գեներացնում։ Բացի այդ, մոդելը 37.3%-ով նվազեցրել է փաստացի սխալ պատասխանները այն զրույցներում, որոնք նախկինում օգտատերերը նշել էին որպես խնդրահարույց։
Ընկերությունը նաև նշել է, որ մոդելը դարձել է ավելի «կոնկրետ»՝ օգտագործելով ավելի քիչ բառեր ու էմոջիներ, իսկ պատասխանները՝ ավելի հարմարեցված օգտատիրոջ նախորդ զրույցներին և նախասիրություններին։
GPT-5.5 Instant-ն արդեն հասանելի է ChatGPT-ի բոլոր օգտատերերին և աստիճանաբար փոխարինում է GPT-5.3 Instant տարբերակին։ Վճարովի բաժանորդների համար հին տարբերակը դեռ որոշ ժամանակ կմնա հասանելի։












