Մոլորեցնող և համեմատություններ պարունակող գովազդը կկարգավորվի օրենքով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության հունվարի 15-ի նիստին հաստատման է ներկայացրել «Գովազդի մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Նախագծերը նպատակ ունեն ապահովել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը և պաշտպանել սպառողներին մոլորեցնող գովազդից։

Փոփոխություններով՝ «Գովազդի մասին» օրենքում սահմանվում են նոր հասկացություններ.

  • «մոլորության մեջ գցող գովազդ», երբ գովազդը պարունակում է ոչ հավաստի կամ աղավաղված տեղեկատվություն, կամ թեև փաստացի ճիշտ է, սակայն ներկայացման եղանակով կարող է թյուր տպավորություն ստեղծել ապրանքի կամ ծառայության վերաբերյալ և ազդել սպառողի տնտեսական վարքագծի վրա,
     
  • «համեմատություններ պարունակող գովազդ», երբ գովազդն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է մրցակից տնտեսավարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները։ 

Ըստ նախագծի՝ մոլորեցնող գովազդի հանգամանքը որոշելիս հաշվի են առնվելու ապրանքների կամ ծառայությունների բնութագրերը՝ դրանց հասանելիությունը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձևը, ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը,  դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների և ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները, գինը կամ գնի հաշվարկման եղանակը։

Բացի այդ, հաշվի են առնվելու նաև գովազդատուի առանձնահատկությունը, հատկանիշները և իրավունքները, ինչպիսիք են, օրինակ, նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները և արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգևները։ 

Նախագծով սահմանվում է, որ գովազդում ներկայացված տվյալների ճշգրտությունը ապացուցելու պարտականությունը կրում է գովազդատուն։

Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվելու է հետևյալ  դեպքերում՝

  • եթե այն օբյեկտիվորեն համեմատում է միևնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները, այդ ապրանքների և ծառայությունների մեկ կամ մի քանի էական, ստուգման ենթակա հատկանիշ և կարող է ներառել գինը, 
  • եթե այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, բարոյական և այլ հատկանիշները, 
  • եթե ապրանքների ծագման տեղանունը նույնն է, 
  • եթե այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, այլ տարբերակիչ նշանների համբավը, ծագման տեղանունը,  
  • եթե այն այլ գրանցված ապրանքային նշան կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ չի պարունակում,  
  • եթե առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն  շփոթություն չի առաջացնում գովազդատուի և դրա մրցակից տնտեսվարող սուբյեկտի միջև։ 

Առաջարկվող փոփոխությունների նպատակը սպառողներին մոլորեցնող գովազդից պաշտպանելն է։ Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը։ Որևէ առաջարկ հանրային քննարկման արդյունքում չի ներկայացվել։ 

Օրենքի նախագծում նշված կանոնները խախտելը համարվելու է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի քննությունը վերապահված է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները