Չնայած Սան Ֆրանցիսկոյի դատարանը կասեցրել էր Microsoft-ի և Activision Blizzard-ի միաձուլման գործարքը, Կալիֆորնիայի դատարանը թույլ է տվել Microsoft-ին կնքել վիդեո խաղերի ամերիկյան խոշոր Activision Blizzard ընկերությունը գնելու «դարի գործարքը»: Համապատասխան որոշումը տեղադրվել է երեքշաբթի՝ հուլիսի 11-ին, դատարանի տվյալների բազայում։
«Դատարանը մերժում է ժամանակավոր արգելափակման միջնորդությունը: Առևտրի դաշնային հանձնաժողովը չի կարողացել ապացուցել, որ միավորված ընկերությունը կհրաժարվի Call of Duty շարքի թողարկումից Sony PlayStation-ում, կամ որ Microsoft-ի կողմից Activision-ի ձեռքբերումը զգալիորեն կնվազեցնի մրցակցությունը խաղային ծառայությունների և ամպային խաղերի շուկայում»,- որոշման մեջ նշել է դատավոր Ժակլին Սքոթ Քորնին։
Փաստաթղթում ասվում է, որ գնման գործարքը պետք է փակվի մինչև հուլիսի 18-ը, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող է խզել այն։ Եթե գործարքը չկայանա, Microsoft-ը ստիպված կլինի Activision-ին վճարել 3 միլիարդ դոլար տուգանք պայմանագրի խզման համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի դատարանը բավարարել էր FTC-ի խնդրանքը և ժամանակավորապես արգելափակել գործարքը։ Գործակալությունը կարծում է, որ գործարքը Microsoft Xbox խաղային կոնսոլին բացառիկ հասանելիություն կտա Activision-ի խաղերին, ինչը խախտում է Sony Group Corp-ի և Nintendo-ի իրավունքները։