«Մատենա» միջազգային կենտրոն է հիմնադրվում Հայաստանում

Վերջին լուրերը
«Մատենա» միջազգային կենտրոն է հիմնադրվում Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում «Մատենա»՝ առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց է հիմնվում։ Դպրոցի նպատակը գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի միջոցով մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը նպաստելն է։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: 

Կենտրոնն առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե՛ համաշխարհային, թե՛ տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ:

- Advertisement -
«Մատենա» միջազգային կենտրոն է հիմնադրվում Հայաստանում

Մատենան հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը:

Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:

Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են՝

  • «McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը,
  • «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը,
  • «Krisp» և «10Web» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը
  • «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը,
  • Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը,
  • Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն,
  • Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը,
  • «Renault-Nissan-Mitsubishi» ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը,
  • «Ernst & Young» ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը,
  • Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը,
  • «QG Family Office» ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ:

«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից:

Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար:

Դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները