Հայկական բրենդները մեկ հարկի տակ. հոկտեմբերի 2-ից Գյումրիում արդեն գործում է հայկական մուլտիբրենդային խանութ սրահը՝ Կոլորիտը: Վազգեն Սարգսյան 1 հասցեում կարող եք գտնել յոթ տարբեր հայկական բրենդների պատկանող հագուստ և կոշիկ: Մտահղացումը Ղարիբ Հարությունյանինն է:
«Նպատակն այն էր, որ մեկ հարկի տակ միավորվեր հայկական տարբեր բրենդներ, հագուստ, կոշիկ ու այլ կաշվե իրեր: Դրանով և՛ խթանում ենք հայկականի տարածումը, և՛ հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ցանկության դեպքում հագնվել միայն հայկական տեղական արտադրության բրենդներից: Խանութ-սրահը հենց սրանով էլ տարբերվում է նմանատիպ այլ խանութներից»,- ասաց Ղարիբ Հարոությունյանը:


Գյումրիում սա իր տեսակի մեջ միակ խանութ-սրահն է, որտեղ կա կանացի, տղամարդու ու մանկական հագուստի և կոշիկի տեսականի: Կոլորիտում ներկայացված են Eksy, Made in Kurtan, Նուարդ, Hix, Aslanyans Textile, Teress և այլ հայկական բրենդներ:
«Անունն ընտրել ենք Կոլորիտ, քանի որ խորհրդանշում է բազմազան գույներ, գունային համադրություն: Այն նաև ասոցացվում է քաղաքային կոլորիտի հետ, դիտարկում են որպես միջավայր: Մենք փորձում ենք այդ միջավայրը ստեղծել»,- ասաց Ղարիբ Հարությունյանը:


Ամեն բան սկսվել է կոշիկի փոքր արտադրությունից, երբ արտադրողները կանգնեցին վաճառքի վայրի ընտրության առջև:
«Հենց այդ ժամանակ որոշեցինք միավորել հայկական բրենդներից մի քանիսը, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր մերժում են արտասահմանյան արտադրանքը, կարող են այցելել Կոլորիտ խանութ-սրահ, սրանով նաև կխթանենք Գյումրի մարդկանց այցը»,- ասաց Կոլորիտի համահիմնադիր Ղարիբ Հարությունյանը:
Առաջիկայում նախատեսում են ցանցային ընդլայնում ունենալ ու վերածվել ավելի լայն առևտրի կենտրոնի:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։