«Բազումք» տիեզերեկան հետազոտությունների լոբորատորիայի թիմին հաջողվել է կապ հաստատել «Հայասաթ-1» հայրենական առաջին արբանյակի հետ:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները»,- ասվում է «Բազումք»-ի տարածած հայտարարության մեջ։
«Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է ուղարկվել SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, որից մոտ մեկ ժամ հետո արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
Արբանյակը CubeSat ձևաչափի է, որի կշիռը 1 կգ է, չափերը՝ 1 միավոր կամ 10 սմ խորանարդ։
«Հայասաթ-1»-ն օգտագործում է օգտակար բեռ, որն ունի GPS ընդունիչ՝ դիրքորոշման և ուղեծրի պարամետրի որոշման համար։ Նրա լույսի և մագնիսական տվիչները ապահովում են արբանյակի կողմնորոշման, արևի ճառագայթման և մագնիսական դաշտերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը։ Այն տիեզերքի ծայրահեղ պայմաններում փորձարկելու է IMU (կողմնորոշման փոփոխությունները չափող սարք) սարքը այլ արբանյակներում օգտագործելու հնարավորությունը։
Արբանյակը ստեղծվել է 2022թ. «Բազումքի» և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի՝ «Center for Scientific Innovation and Education»-ի հայ գիտնականների և ինժեներների կողմից։ Սարքի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։