Ինչպես է պետությունը խթանում ներդրումային շինարարությունը Հայաստանում

Ներդրումային շինարարական շուկան Հայաստանում վերջին տարիներին գտնվում է ակտիվ զարգացման փուլում․ պետությունը փորձում է խթանել նոր նախագծեր, պարզեցնել կառուցապատման գործընթացները և միջազգային ներդրողների համար ստեղծել հարմար միջավայր։

Զրուցել ենք ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի Միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ պետական ծրագրեր են գործում ներդրումների խրախուսման համար, որոնք են շուկայի հիմնական միտումները, և ինչ ակնկալիքներ կան առաջիկա տարիների համար։

- Advertisement -

Պետական աջակցությունը՝ ներդրումային շինարարության խթանման առանցքում

– Ի՞նչ գործիքակազմ կամ մեխանիզմներ կան այսօր պետական մակարդակով՝ կառուցապատման ոլորտում ներդրումների խրախուսման համար։

– Պետությունը ներդրումային շինարարության խրախուսման համար կիրառում է մի շարք գործիքակազմեր, որոնք միտված են և՛ ֆինանսական աջակցությանը, և՛ վարչական գործընթացների պարզեցմանը, և՛ մասնավոր հատվածի հետ ավելի արդյունավետ համագործակցությանը։ Առաջինը, իհարկե, ֆինանսական խթաններն են։ Տարբեր ծրագրերի շրջանակում տրամադրվում են սուբսիդիաներ՝ ենթակառուցվածքների զարգացման, տարածքների ինժեներական նախապատրաստման, սոցիալական բնակարանաշինության և այլ կարևոր ուղղություններով։ Բացի այդ, գործում են արտոնյալ վարկային գործիքներ, պետական երաշխիքային մեխանիզմներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև հարկային արտոնություններ։

Միևնույն ժամանակ կարևոր է նաև վարչական դաշտի բարելավումը։ Այս ուղղությամբ պետական մարմինները վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկում՝ նվազեցնելու բյուրոկրատիան շինթույլտվությունների տրամադրման գործընթացում։ Մասնավորապես ներդրվել է «մեկ պատուհանի» համակարգը, որը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել թույլտվությունների ստացման ժամկետները։ Օրինակ, ներդրումային ծրագրերի համար հնարավոր է հողատարածքների տրամադրում՝ առանց աճուրդի, երբ խոսքը սոցիալական նշանակության կամ ազգային կարևորություն ունեցող նախագծերի մասին է։ Այդ հողերը կարող են տրամադրվել նաև արտոնյալ պայմաններով կամ վարձակալությամբ՝ հետագա գնման հնարավորությամբ։

Բացի նշվածից, բավականին մեծ տեղ է զբաղեցնում պետական-մասնավոր համագործակցության մեխանիզմը։ Այդ ձևաչափով իրականացվում են խոշոր քաղաքաշինական կամ ենթակառուցվածքային նախագծեր, օրինակ՝ ճանապարհներ, դպրոցներ, բուժհաստատություններ և այլն։ Այստեղ պետությունն ու մասնավոր հատվածը համատեղ աշխատում են՝ կիսելով ինչպես ռիսկերը, այնպես էլ ծրագրի արդյունքները։

Ինչպես է պետությունը խթանում ներդրումային շինարարությունը Հայաստանում

– Որո՞նք են այն որոշիչ գործոնները, որոնք ներդրողները հաշվի են առնում նոր շինարարական ծրագրեր սկսելուց առաջ, և ինչպե՞ս է պետությունն աջակցում այդ փուլում։

– Ներդրողներն ամենից առաջ փնտրում են վստահություն՝ թե՛ իրավական միջավայրի, թե՛ գործընթացների կանխատեսելիության տեսանկյունից։ Որպես օրինակ՝ շատերի համար կարևոր է հստակ իմանալ, թե որքան արագ և պարզ ընթացակարգով կարող են ստանալ անհրաժեշտ շինթույլտվությունները։ Այս հարցում պետությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ընթացակարգերի պարզեցմանը և թվայնացմանը, որպեսզի ներդրողի «ճանապարհը» լինի հնարավորինս սահուն։

Մյուս կարևոր գործոնը տարածքի ինժեներական պատրաստվածությունն է։ Երբ ներդրողը տեսնում է, որ ենթակառուցվածքները՝ ճանապարհ, ջրագիծ, էլեկտրամատակարարում, արդեն ապահովված են կամ պետական մակարդակով պլանավորված է դրանց իրականացումը, դա մեծապես նպաստում է դրական որոշման կայացմանը։ Մենք հաճախ ենք ունեցել դեպքեր, երբ հենց ենթակառուցվածքային ապահովումը դարձել է ներդրումային որոշման հիմնական շարժառիթը։

Ինչպես նաև՝ հողատարածքի հասանելիությունը։ Երբ ծրագիրը համապատասխանում է պետական ռազմավարական առաջնահերթություններին, պետությունը կարող է առաջարկել հող տրամադրել արտոնյալ պայմաններով կամ առանց աճուրդի։ Նման դեպքերում մենք ուղեկցում ենք ներդրողին ամբողջ գործընթացի ընթացքում՝ իրավականից մինչև տեխնիկական փուլ։

Վերջիվերջո, ներդրողներն այսօր գնահատում են նաև բաց ու գործընկերային վերաբերմունքը։ Եվ այստեղ մենք փորձում ենք լինել ոչ թե վերահսկող մարմին, այլ գործընկեր, որն օգնում է գաղափարը վերածել նախագծի։

Արտասահմանյան ներդրումները շինարարության մեջ՝ հնարավորություններ և վստահություն

– Ի՞նչ կարևոր ներդրումային կամ համագործակցային նախագծեր կան այսօր միջազգային գործընկերների մասնակցությամբ։

– Հայաստանը վերջին տարիներին ակնհայտորեն ակտիվացրել է իր համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների, մասնավոր ներդրողների և տարբեր պետությունների հետ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում։ Առավել տեսանելի է այս գործակցությունը քաղաքային ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և ճանապարհային նախագծերի շրջանակներում։

Օրինակ՝ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ) ֆինանսավորում է մի շարք նախագծեր, որոնք վերաբերում են քաղաքային ենթակառուցվածքների բարելավմանը, էներգախնայող շենքերի կառուցմանը և ջրամատակարարման համակարգերի արդիականացմանը։ Այս բանկի աջակցությամբ, օրինակ, իրականացվել են փողոցային լուսավորության և ջրամատակարարման արդիականացման ծրագրեր Գյումրիում, Վանաձորում և Երևանում։

Ասիական զարգացման բանկը նույնպես ակտիվ մասնակցություն ունի, հատկապես՝ ճանապարհաշինության և տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում։ Նրա աջակցությամբ, օրինակ, իրականացվում է հյուսիս-հարավ ավտոմայրուղու բարելավման ծրագիրը։
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)՝ որպես Համաշխարհային բանկի խմբի մաս, աշխատում է մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով թե՛ երկարաժամկետ ներդրումային աջակցություն, թե՛ խորհրդատվություն՝ հատկապես կառուցապատող ընկերությունների համար։

Բացի ֆինանսական հաստատություններից, Հայաստանում ակտիվ են նաև մի շարք արտասահմանյան ընկերություններ, որոնք ներգրավված են բիզնես կենտրոնների, բնակելի համալիրների և առևտրային տարածքների կառուցման մեջ՝ հիմնականում Երևանում։ Մենք համագործակցում ենք կառուցապատող ընկերությունների հետ Ռուսաստանից, Իրանից, ԱՄԷ-ից և ԵՄ-ից։

Նշեմ նաև միջազգային տեխնիկական աջակցության ծրագրերը, որոնք ֆինանսավորվում և համակարգվում են ԵՄ-ի, USAID-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և GIZ-ի կողմից։ Դրանք նպաստում են ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը, կանոնակարգերի արդիականացմանը և կադրերի վերապատրաստմանը։

– Որո՞նք են հիմնական առավելությունները, որ Հայաստանը կարող է առաջարկել արտասահմանյան ներդրողներին՝ շինարարական և քաղաքաշինական ոլորտում։

– Հայաստանը, չնայած իր փոքր չափսերին, ունի մի շարք կարևոր առավելություններ, որոնք գրավիչ են դարձնում այն միջազգային ներդրողների համար։ Նախ, մեր աշխարհագրական դիրքը՝ որպես կամուրջ Եվրոպայի և Միջին Արևելքի միջև, բերում է հասանելիություն մի շարք շուկաների, այդ թվում՝ ԵԱՏՄ, ԵՄ (GSP+ ռեժիմով), Իրան, Հնդկաստան և այլք։

Երկրորդ կարևոր գործոնը ներդրումային միջավայրի ճկունությունն է։ Հայաստանում արտասահմանյան ներդրողը կարող է լիարժեք տնօրինել իր ընկերությունը՝ առանց սեփականության սահմանափակումների։ Բացի այդ, գործում են շահութահարկի արտոնություններ և տարբեր արտոնյալ ռեժիմներ ազատ տնտեսական գոտիներում, ինչպիսիք են «Ալյանս»-ը կամ «Մեղրի»-ն։

Խիստ կարևոր է նաև իրավական պաշտպանությունը։ Հայաստանը ունի մի շարք միջազգային համաձայնագրեր՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ, անդամակցում է ԱՀԿ-ին և ապահովում է միջազգային արբիտրաժային մեխանիզմների հասանելիություն։

Բացի այդ, երկրում առկա է աճող պահանջարկ նոր կառուցապատման նկատմամբ՝ թե՛ ժամանակակից բնակարանների, թե՛ բիզնես և զբոսաշրջային ենթակառուցվածքների, ինչպես հյուրանոցներ կամ լոգիստիկ հաբեր։ Այս ամենը համադրվում է որակյալ մասնագետներով և համեմատաբար ցածր աշխատուժի արժեքով։ Մեր շինարարական ու ճարտարապետական համայնքն ակտիվորեն կիրառում է միջազգային չափանիշներ, այդ թվում՝ LEED և BREEAM սերտիֆիկացիաներ։

Ի՞նչ են այսօր կառուցում Հայաստանում

– Ինչպե՞ս կգնահատեք կառուցապատման ոլորտի զարգացման ընթացքը վերջին տարիներին։ Ինչ հիմնական միտումներ են աչքի ընկնում։

– Վերջին տարիներին կառուցապատման ոլորտը Հայաստանում շարունակաբար աճ է արձանագրում՝ թե՛ ծավալների, թե՛ նախագծերի բազմազանության առումով։ Եթե նախկինում գերակշռում էր հիմնականում բնակելի շինարարությունը, ապա այժմ նկատվում է շուկայի որոշակի բազմազանացում։ Ընդլայնվում է բազմաֆունկցիոնալ նախագծերի ծավալը, ավելանում են նորարարական մոտեցումներով կառուցապատման օրինակները՝ թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասերում։

Բարձրահարկ բնակելի համալիրների կառուցումը հատկապես ակտիվ է Երևանում՝ Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն համայնքներում, որտեղ բիզնես և կոմֆորտ դասի շենքերն ունեն կայուն պահանջարկ։ Բայց միևնույն ժամանակ, գնալով մեծանում է հետաքրքրությունը նոր կառուցապատման այլ ձևաչափերի նկատմամբ, ինչպիսիք են հյուրանոցային կոմպլեքսները, առևտրի ու ժամանցի կենտրոնները, ինչպես նաև՝ աշխատանքային տարածքների ժամանակակից լուծումները՝ կովորքինգ և բիզնես կենտրոններ։

– Կա՞ն արդյոք շրջաններ կամ մարզեր, որտեղ շինարարական ակտիվությունը աճում է՝ Երևանի հետ համեմատ։

– Այո, վերջին տարիներին շինարարական ակտիվությունը սկսել է նկատելիորեն տարածվել նաև մարզեր։ Առանձնահատուկ հետաքրքրություն է նկատվում Դիլիջանում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում՝ հատկապես զբոսաշրջային ենթակառուցվածքների տեսանկյունից։ Դասական հյուրանոցների կողքին մեծ պահանջարկ ունեն նաև ապարտ-հյուրանոցները և հարմարավետ հանգստի տարածքներն՝ ուղղված ինչպես ներքին, այնպես էլ դիասպորայի ներդրումներին։

Գյումրին ևս ընդգրկվել է կառուցապատման նոր ալիքում։ Այստեղ ուշադրության կենտրոնում են ինչպես բնակելի կառուցապատումը, այնպես էլ հանրային նշանակության տարածքները, որոնց վերականգնումը միտված է քաղաքային նոր միջավայր ձևավորելուն։

– Ինչպիսի՞ նախագծեր են այսօր առավել պահանջված՝ բնակելի, հասարակական, բիզնես կենտրոններ, թե բազմաֆունկցիոնալ տարածքներ։

– Եթե փորձենք ընդհանուր պատկեր կազմել, ապա ներկայումս առավել պահանջված են բնակելի և բազմաֆունկցիոնալ համալիրները։ Բնակարանային շուկայում շարունակում են գերակշռել բարձրահարկ նախագծերը՝ հատկապես միջին և բարձր սեգմենտում։ Սակայն գնալով ավելանում է հետաքրքրությունը խառը ձևաչափերի նկատմամբ՝ երբ մեկ շենքում համատեղվում են բնակարաններ, խանութներ, գրասենյակային տարածքներ, ժամանցային կամ նույնիսկ հյուրանոցային բաղադրիչներ։

Բացի այդ, զբոսաշրջային ուղղվածության նախագծերը շարունակում են զարգանալ։ Այս ոլորտում ներդրողների մեծ հետաքրքրություն կա՝ հատկապես դիասպորայից։ Վերջին շրջանում մենք ականատես ենք նաև առևտրի և ժամանցի նոր սերնդի կենտրոնների ի հայտ գալուն՝ հարմարեցված նոր բնակելի թաղամասերին և երիտասարդ բնակչությանը։

Խոչընդոտներ, լուծումներ և բարեփոխումների ճանապարհային քարտեզ

– Որո՞նք են այսօր ներդրողների համար հիմնական խոչընդոտները Հայաստանում։

– Չնայած շուկայի աճին և պետության՝ ներդրումների խթանման նախաձեռնություններին, այսօր էլ կան մի շարք գործոններ, որոնք դեռևս որոշակի ռիսկեր են ներկայացնում ներդրողների համար։ Առաջինը՝ բյուրոկրատիան։ Թեպետ իրականացվում են պարզեցման քայլեր, շինարարական թույլտվությունների ստացման ժամկետները դեռ կարող են երկար տևել։ Բացի այդ, քաղաքաշինական նորմատիվների որոշ դրույթներ դեռևս միանշանակ մեկնաբանության չեն ենթարկվում, ինչը ներդրողների համար լրացուցիչ անորոշություն է ստեղծում։

Մյուս լուրջ մարտահրավերն ինստիտուցիոնալ համակարգի ոչ ամբողջական ներդաշնակությունն է։ Օրինակ՝ Երևանի դեպքում երբեմն դժվարանում է ներդրողի «ճանապարհը»՝ տարբեր մակարդակների կառույցների միջև ոչ ամբողջական համաձայնեցումների պատճառով։

Շուկայի թափանցիկության պակասն էլ իր հերթին որոշ խնդիրներ է առաջացնում։ Այս պահին չկա միասնական, բաց և ամբողջական հարթակ, որտեղ հնարավոր կլինի դիտել շինարարական ծրագրերը, նախագծերը, տարածքների իրավական կարգավիճակը և կառուցապատող ընկերությունների մասին տվյալներ։ 

Վերջապես, Երևանից դուրս՝ մարզերում, ներդրողները բախվում են ենթակառուցվածքների պակասին։ Շատ տարածքներում պարզապես չկան անհրաժեշտ ինժեներական լուծումներ՝ ջրամատակարարում, ճանապարհ, էլեկտրամատակարարում, ինչը ծրագրի արժեքն ավելացնում է և բարդացնում իրագործումը։

– Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում՝ կառուցապատման ոլորտի կարգավորումները պարզեցնելու, թափանցիկությունը բարձրացնելու և ներդրումները խթանելու ուղղությամբ։

– Բարեփոխումների օրակարգն այսօր բավականին լայնածավալ է և կառուցված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ թվայնացում։ Արդեն իսկ ներդրվում է «մեկ պատուհանի» էլեկտրոնային համակարգ, որը շինարարական ոլորտում թույլ կտա ներդրողներին առցանց ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, համաձայնեցումները և վերահսկել հայտերի ընթացքը։ Այս համակարգի ամբողջական գործարկումը էապես կկրճատի ժամկետները և կբարձրացնի գործընթացների թափանցիկությունը։

Մյուս կարևոր քայլը՝ հստակ օրենսդրական բարեփոխումներն են։ Ներկայում մշակվում է քաղաքաշինական նորմատիվների արդիականացված փաթեթ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին՝ ներառյալ սեյսմիկ անվտանգությունը, էներգաարդյունավետ շինարարությունը և BIM նախագծման պահանջները։ Այս գործընթացը տեղի է ունենում նաև միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։

Հողի հասանելիության բարելավման ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։ Մշակվում է կադաստրի բարեփոխման ծրագիր, որը պետք է պարզեցնի հողի իրավունքների գրանցման ընթացակարգերը։ Քննարկվում է նաև հողամասերի էլեկտրոնային աճուրդների գործարկումը, այդ թվում՝ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիներում։

Ավելացնեմ նաև, որ պետական մակարդակով քննարկվում է ներդրողների ուղեկցման հատուկ կենտրոնի ստեղծումը՝ որպես մասնագիտացված միավոր, որը կհետևի և կաջակցի ներդրումային շինարարական նախագծերի իրականացմանը։ Բացի այդ, ակտիվորեն զարգանում է նաև հիպոթեքային և կառուցապատման ֆինանսավորման համակարգը՝ պետական ծրագրերի, շինարարական պարտատոմսերի և մասնավոր ներդրումային ֆոնդերի խթանմամբ։

Ինչպես է պետությունը խթանում ներդրումային շինարարությունը Հայաստանում

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: