28.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

Ի՞նչ է GSP+ համակարգը, և ինչու՞ Հայաստանն այլևս չի օգտվելու դրանից

GSP+ համակարգի գոյության մասին միգուցե ինչ-որ ժամանակ լսած լինեք: Բայց թե ինչ է այն իրենից ներկայացնում հավանաբար շատերս չգիտենք: Եկեք միասին հասկանանք այս համակարգի էությունը:

Եվ այսպես ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Եվ այսպես, ի՞նչ է GSP+ համակարգը

GSP+ համակարգը կոչված է օգնելու զարգացող երկրներին, որոնք պարտավորվում են ստանձնել մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, շրջակա միջավայրի պաշտպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:

GSP կանոնակարգը սահմանում է GSP+-ի տրամադրման խիստ և հստակ չափանիշներ:

Որո՞նք են GSP+-ի տրամադրման հիմնական չափանիշները․

1․ Դիմորդ երկիրը պետք է համապատասխանի տնտեսական չափանիշներին, այսինքն՝ այն պետք է լինի խոցելի և չդիվերսիֆիկացված տնտեսությամբ զարգացող երկիր և ունենա ԵՄ ներմուծման ցածր մակարդակ:

2․ Երկիրը պետք է վավերացրած լինի GSP+-ով պահանջվող 27 միջազգային կոնվենցիաները առանց վերապահումների, և այդ կոնվենցիաների ներքո մոնիտորինգի մարմինների վերջին եզրակացությունները չպետք է բացահայտեն լուրջ ձախողումներ դրանց արդյունավետ իրականացման համատեքստում:

Հայաստանը GSP+ համակարգում

2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում:

Ներկայումս GSP+ համակարգն ունի 8 շահառու երկրներ՝ Հայաստան, Բոլիվիա, Կաբո Վերդե, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Շրի Լանկա:

Ինչու՞ Հայաստանն այլևս չի օգտվելու այս համակարգից

ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն (մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը/ GNI per capita)։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:

2021 թվականին Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

Իհարկե այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ԵՄ արտահանման ծավալների վրա մեծապես հարվածելով հանքահումքային արտադրանքի, տեքստիլի, ծխախոտի և քիմիական արտադրանքի արտաանողներին, այնուամենայնիվ մեր գործարարները որպես այլընտրանք կարող են դիտարկել ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգերը (GSP), որոնք դեռ գործում են:

Հոդվածի հեղինակ՝ Էդգար Մեհրաբյան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող

spot_img