Այս շաբաթ Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro-ները՝ M4, M4 Pro և M4 Max պրոցեսորներով, գրում է 9to5mac.com — ը։
Ամենամեծ հետաքրքրությունը գրավել է M4 Max-ը, որն, ըստ առաջին թեստերի, ամենաարագն է բոլոր նոութբուքերի չիպերից և գերազանցել է աշխատասեղանի շատ հզոր պրոցեսորների: Նոր պրոցեսորը ակնառու արդյունքներ է ցույց տվել Geekbench 6 թեստերում՝ հաստատելով իր առաջատար դիրքը շուկայում։
Մինչ այդ, Apple-ի Mac mini-ն՝ M4 Pro չիպով, արդեն ապացուցել էր իր երբևէ եղած ամենահզոր աշխատասեղանի Mac լինելը, սակայն M4 Max պրոցեսորն էլ ավելի է բարձրացնում նշաձողը: Երբ համեմատում ենք M4 Max-ը նախորդ Apple Silicon չիպերի հետ, դրա կատարողականում նկատելի բարելավում կա: Apple-ը պնդում էր, որ նոր պրոցեսորը մոտ 20%-ով ավելի արագ կլինի, քան M3 Max-ը և կլինի ամենաարագ չիպը նոութբուքում:
Geekbench 6 թեստի արդյունքները թույլ են տալիս մոտավոր գնահատել պրոցեսորի հնարավորությունները, մինչ նոր MacBook Pro-ն կհայտնվի օգտատերերի ձեռքում։ Այն վստահելի չափանիշ է համարվում։ Geekbench-ի թեստերը ցույց տվեցին տպավորիչ արդյունքներ, այն է՝ Apple M4 Max-ի մեկ միջուկային թեստը ցույց է տվել 4060 միավոր, իսկ բազմամիջուկային թեստը՝ 26,675 միավոր: Համեմատության համար նշենք, որ M3 Max-ը բազմամիջուկ թեստում հավաքել էր 21,097 միավոր։ Այսպիսով է M4 Max-ը դառնում է մոտ 26%-ով ավելի արագ, քան իր նախորդը:
Նոր M4 Max-ը գերազանցում է նաև M2 Ultra-ի կատարողականությանը, որը նախկինում համարվում էր Apple Silicon շարքի ամենահզոր չիպը: M2 Ultra-ն բազմամիջուկային թեստում ստացել է 21,471 միավոր, ինչը մոտ 24%-ով ցածր է M4 Max-ից։
Թեստի արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու համար Apple M4 Max չիպը համեմատվել է նաև անհատական համակարգչի (PC) առաջատար պրոցեսորների՝ AMD Ryzen 9 9950X-ի և Intel Core i9-14900K-ի հետ, որտեղ նույնպես լավագույն ցուցանիշներն է գրանցել։
Նշենք, որ Apple-ը պատրաստվում է ներկայացնել նաև M4 Ultra չիպը, որը կրկնապատկելու է Apple M4 Max-ի արդյունավետությունը UltraFusion տեխնոլոգիայի շնորհիվ: Ակնկալվում է, որ M4 Ultra-ն հասանելի կլինի Apple Mac Studio-ում և Mac Pro-ում մոտ 2025 թվականի կեսերին։
Geekbench-ի թեստերում Apple M4 Max-ն ավելի արագ էր, քան Core i9-14900K-ը և Ryzen 9 9950X-ը
