ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղություններով։
«Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա — Եղեգնաձոր — Սիսիան — Գորիս երթուղով»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։
Փաշինյանը նշել է, որ սա այն միակ տարբերակն է, որ Հայաստանը կարող է իրագործել հենց այսօր։ «Եթե, ենթադրենք, Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցակետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, ապա մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք ունենք, և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ նաև հակառակ ուղղությամբ»,-հավելել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, և դա տեղի է ունենալու Ադրբեջան — Վրաստան — Հայաստան երկաթուղային երթուղով, և շեշտել, որ ՀՀ-ի կողմից տարանցման սահմանափակումների վերացումը վերաբերում է բոլոր երթուղիներին։











