Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարին Հայաստանի տնտեսությունում գործել է 63,892 ակտիվ կազմակերպություն, որոնք ապահովել են 784,964 աշխատատեղ։ Աշխատատեղերի հիմնական մասն ապահովել է ոչ պետական հատվածը, որտեղ 60,356 կազմակերպություններում զբաղված է եղել 564,798 աշխատող, մինչդեռ պետական համակարգի 3,536 կազմակերպություններում աշխատել է 220,166 մարդ։
Տարվա սկզբին աշխատավարձերի աճի դրական դինամիկա է նկատվել։ Տնտեսության մեջ միջին ամսական անվանական աշխատավարձը 2026 թվականի հունվարին կազմել է 293,309 դրամ, իսկ փետրվարի նախնական տվյալներով՝ հասել է 299,480 դրամի։ Փետրվարյան միջին աշխատավարձը արտարժութային արտահայտմամբ համարժեք է եղել 793 ԱՄՆ դոլարի, 671 եվրոյի կամ 60,994 ռուսական ռուբլու։ Շարունակում է զգալի մնալ վարձատրության տարբերությունը մասնավոր և հանրային հատվածների միջև։ Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը փետրվարին կազմել է 327,698 դրամ, պետականում՝ 227,312 դրամ։ Սոցիալական ոլորտում, որն ընդգրկում է կրթությունը, առողջապահությունն ու մշակույթը, միջին վարձատրությունը փետրվարին կազմել է 197,775 դրամ։
Աշխատանքի տեղավորման ցուցանիշները մնացել են կայուն. հունվարին աշխատանքի է անցել 604 մարդ, իսկ փետրվարին՝ 600։












